ԿարևորՀասարակություն

Ամուլսարի գործով քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր չկան. Իվանյան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ամուլսարի գործով քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր չկան: ՀՀ ՔԿ-ի Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ասօրվա ասուլիսում լրագրողներին ներկայացրել է քրեական գործով նշանակված համալիր փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերջին օրերին հնչող գնահատականների կապակցությամբ պարզաբանումներ:

ՀՀ քննչական կոմիտեի Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ, մասնավորապես, անդրադարձավ Ամուլսարի հանքում ուսումնասիրություններ կատարած «Էլարդ» ընկերության և փորձագիտական խմբի եզրակացության վերաբերյալ առկա հանրային կասկածներին:

Յուրա Իվանյանը մանրամասնեց, թե ինչպես է փորձաքննության համար ընտրվել հենց այդ ընկերությունը՝ ըստ էության հերքելով բնապահպանների պնդումները, թե փորձաքննությունը միջազգային չի կարելի համարել: 

«Հայտարարվեց միջազգային մրցույթ, մրցութային հանձնաժողովը նախապատվությունը տվեց «Էլարդ» ընկերությանը եւ նրա նեկայացրած թիմին: Մոտեցումը եղել է շատ խիստ՝ հաշվի առնելով հարցի աննախադեպ կարեւորությունը»,- ասաց Իվանյանը:

Փորձաքննության համար ընտրվել է ընկերություն, որը որևէ շահերի բախում չէր ունենա եւ ՀՀ-ում մինչ օրս որեւէ գործունեություն իրականացրած չէր լինի՝ հավելեց Իվանյանը: Ասաց նաեւ, որ փորձաքննությանը մասնակցել են ոչ միայն «էլարդ»-ի փորձագետները, այսինքն՝ միջազգային չափանիշը նույնպես ապահովված է եղել:

Յուրա Իվանյանն անդրադարձավ նաև «Լիդիան» ընկերությանը քրեական գործում որպես կողմ ներգրավելուն, հակառակ որ՝ չեն ներգրավվել այլ շահագրգիռ կողմեր, օրինակ՝ բնապահպաններն ու Ջերմուկի բնակիչները:

«Քննչական կոմիտեն, այսինքն՝ վարույթ իրականացնող մարմինը, «Լիդիան»-ի պարզաբանումներում ներկայացված հիմնավորումն ու փաստարկները քննարկել ու վերլուծել է քրեական գործով այլ փաստական տվյալների համակցության մեջ և եկել եզրակացության։ Քրեական դատավարության օրենսգիրքը պարտադիր է համարում նրան որպես կողմ ներգրավելը»,- նշեց ՀՀ քննչական կոմիտեի Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարը։

Մենք գործ ունենք պետության պոզիտիվ պարտականության հետ։ Եթե քննություն է ընթանում, ապա պետք է հնարավորություն տալ պարզաբանումներ ներկայացնելու, բայց վերջնական գնահատական՝ հիմնավո՞ր են պարզաբանումները, թե՝ ոչ,  տալու է վարույթ իրականացնող մարմինը՝  հավելեց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարը:

Բնապահպան Սիլվա Ադամյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ ՔԿ-ի Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի այսօրվա պարզաբանումներն իրենց համար ակնկալելի էին եւ որեւէ նոր բան այնտեղ չեն տեսել: Շարունակում են թերահավատորեն վերաբերել եզրակացությանը:  

«Փորձագետների տված տվյալները, որոնց իրենք ճանաչում են եւ որոնց իրենք ներգրավել են գործողության մեջ՝ ինձ համար կոնկրետ կարող են այդքան էլ հավաստի չլինել: Այն, ինչը գրված է «Էլարդ»-ի կողմից, գրված է «Լիդիանի» կողմից, էդ ամենը միայն գրված է թղթի վրա: Հստակ ապացույցներ չկան, որ 100 տոկոսով Ջերմուկի հանքային ջրերին ոչինչ չի լինի»:    

Արձագանքելով հարցադրումներին՝ Յուրա Իվանյանը խոսեց նաեւ  բնապահպանների այն պնդումների մասին, թե «Էլարդ» ընկերությունը չի կատարել դաշտային ուսումնասիրություններ, այլ՝ ուսումնասիրել է միայն «Լիդիան» ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը: Յուրա Իվանյանը չհերքեց, որ դաշտային ուսումնասիրություններ «Էլարդ»-ը չի կատարել,  սակայն, հերքեց այն, որ ուսումնասիրվել են միայն «Լիդիան»-ի ներկայացրած փաստաթղթերը։

«Ուսումնասիրվել են տարբեր կողմերի ներկայացված հաշվետվություններ, ուսումնասիրություններ, մասնավորապես՝ Բնապահպանական ճակատի կողմից ներկայացված փաստերը, որոնք ներկայացվել են»,- ասաց նա:

Այսինքն՝ հանքի շահագործմանը դեմ ու կողմ դաշտում առկա ամբողջ տեղեկատվությունն ու փաստերը միմյանց հետ ուսումնասիրվել-համեմատվել են, ինչը նույնպես փորձաքննության հայտնի եւ ընդունված ձեւ է՝ եզրափակեց Յուրա Իվանյանը։   

Քննչական կոմիտեն փորձում է ճանապարհ հարթել հանքարդյունաբերողի համար՝ կարծիք հայտնեց բնապահպան Սիլվա Ադամյանը: Պետք չէ անընդհատ փորձել խնդիրները փարատել, կոպիտ ասած, սվաղել՝ ձեւակերպեց նա, ապա պնդեց, որ  հնարավոր չէ Ամուլսարի հանքի շահագործումն ազդեցություն չունենա Ջերմուկի տարածաշրջանի վրա: 

«Որովհետեւ Ջերմուկի տարածաշրջանը, դա առողջարան է: Սա պետք է հասկանալ, ֆիքսել: Դա սովորական տարածք չէ, որտեղ կարելի է հանք բացել եւ փորձել մեղմել իրավիճակը: Սա այդ տարածքը չէ: Այստեղ խոսել հանքարդյունաբերության մասին ի սկզբանե եղել է հանցագործություն»:

Բնապահպաններն այսօր միաձայն ասում են, որ փորձաքննության արդյունքներն էլ  հետաքրքիր չեն: Իրենք դեմ են երաշխիք ասվածին էլ, որովհետեւ փորձը ցույց է տվել, որ դրանք մնում են թղթի վրա՝ եզրափակեց բնապահպան Սիլվա Ադամյանը:   

Կարդացեք նաև

Back to top button