
Անի Մինասյան
«Ռադիոլուր»
29 տարի առաջ` 1990 թվականի օգոստոսի 23-ին, Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն եւ հռչակվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Ի՞նչ է անկախությունը հայաստանցիների համար: Ովքե՞ր և ինչպե՞ս ընդունեցին անկախության հռչակագիրը:
Մելիք Ադամյան 2 հասցեում 29 տարի առաջ՝ ճիշտ այս օրը, Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը: 29 տարի անց այս նույն հասցեում հուշատախտակ կա, որ պատմում է այդ օրվա մասին, այսօր դիմացը ծաղկեպսակ էր՝ Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից:
Այս հասցեում ես եղա ե՛ւ առավոտյան, ե՛ւ ցերեկը. պատկերը նույնն էր երկու անգամ էլ՝ անկախության հռչակագիրն այսօր իր ծննդյան տոնի առթիվ մեկ ծաղկեփունջ էր նվեր ստացել:
Իսկ 29 տարի առաջ լեփ լեցուն էր ե՛ւ դահլիճը, ե՛ւ Մելիք-Ադամյան փողոցը: 29 տարի առաջ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մանուկյանն էր, որ կարդաց հռչակագիրը, կարդաց հուզված: Այսքան տարի անց զգացողություններն այլ են:

«Ոչ մի լավ բան էլ չզգացի, հիմա միացնում եմ 29 տարի առաջվա կադրերը: Չեմ ուզում բողոքել, ուզածս եմ ուզում ասել. իսկապես այս տոնը պետք է մատուցվի, սա լավ տոն է, սա սիրուն տոն է, սա լավ մարդ դաստիարակելու տոն է»:
Արամ Մանուկյանն ասում է, նախկինները մսխեցին անկախության պտուղները, այնինչ «Անկախության հռչակագրի» փաստաթղթի բոլոր կետերն իրականություն են դարձել ու այն դարձել է Սահմանադրության հիմքը: Իսկ թե հիմա ի՞նչ պետք է արվի, որ այդ անկախությունը լիարժեք լինի՝ Արամ Մանուկյանն ասում է:
«Ես այսօր էլ չեմ զգում այն կարեւորությունը, թե ինչպես պետք է անկախությունը պահպանեն: Պետությունն ու իշխանությունը անկախության շունն են՝ պահապանը: Ինչ իշխանությունն էլ գա, իր գլխավոր առաքելությունն է իր երկրի սուվերենությունը պահպանելը: Դա բարդ բան է»:
Անկախության հռչակագիրը որեւէ մեկին վերագրելը, որեւէ ուժին վերագրելը սխալ է, ասում է Արամ Մանուկյանը: Անկախության հռչակագիրը ղարաբաղյան ազատագրական շարժման պայքարի արդյունք է, որի պահպանման ձեւերը մենք այնքան էլ լավ չգիտենք:




