
Ֆեյսբուքի իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Այսօրվա քննարկման ամենավերջում (ինչպես ավելի վաղ տեղեկացրել եմ, ներկա էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը եւ բոլոր իրավասու նախարարությունների ներկայացուցիչները) ասացի, որ վերջին անգամ եմ հարցը դնում. «Էլարդի» եզրակացության մեջ կա՞ արդյոք մի տվյալ, որից ենթադրում է, որ Ամուլսարի նախագիծը պետք է անցնի նոր ՇՄԱԳ»:
Այնուհետև, նաև նշել է. «Ինչու՞ եմ այս հարցը տվել, որովհետեւ օգոստոսի 19-ի ուղիղ եթերում ասել էի, որ այս հարցով իմ համոզվածությունը 99.9 տոկոս է, ոչ 100 տոկոս՝ նույն օրն առավոտյան տեղի ունեցած խորհրդակցության արդյունքներով: Բոլոր ներկաները, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը, ինչպես օգոստոսի 19-ի խորհրդակցության ժամանակ՝ տվեցին բացասական պատասխան:
Արդեն պատրաստվում էի փակել խորհրդակցությունը, երբ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը ասաց, որ այնուամենայնիվ կարծում է, որ հարցին արժե պատասխանել ավելի խորը ուսումնասիրությունից հետո: Դրանից հետո աշխատակազմին հանձնարարեցի «Էլարդի» եզրակացությունն ուղարկել շրջակա միջավայրի նախարարություն՝ համապատասխան հանձնարարականով»:
Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ՝ դարձյալ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ խորհրդակցություն է անցկացրել «Ամուլսարի» հարցով, և նաև որ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունն ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն, հանձնարարությամբ՝ պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում:




