
Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
Մայրաքաղաքում շենքերի բակերը լցվել են խոշոր առնետներով, որոնք իրական վտանգ են ներկայացնում բնակչության առողջությանը։ Երևանցիները բողոքում են՝ առնետներն արդեն գրոհում են շենքերի շքամուտքերն ու վերելակները։ Կրծողների դեմ պայքար կարծես թե չի նկատվում։
Երևանում իրականացվող աղբահանության որակի տրամաբանական հետևանքը առնետների դեմոգրաֆիկ պատկերի խիստ բարելավումն է։ Մայրաքաղաքի ոչ միայն բակերում, այլև շենքերի շքամուտքերում ու անգամ վերելակներում առնետները զգում են իրենց ինչպես տանը։ Կրծողները մոտեցել են մարդկանց ու նրանց լուրջ անհանգստություն պատճառել
«Ոչ ոք այս հարցով չի հետաքրքրվում, կարելի է չէ՞ դեղեր դնել, նախկինում սանէպիդկայանն էր այս հարցերով զբաղվում, հիմա նման բան չկա։ Առնետները իրոք շատացել են, և մենք անզոր ենք մեր ուժերով դրանց դեմն առնել»։
Կոնկրետ ո՞ր ծառայությանը կամ կազմակերպությանը կարող է դիմել երևանցին առնետների գրոհին դիմակայելու համար։ Հարցին ի պատասխան, Երևանի քաղաքապետարանի համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ Հարություն Խաչատրյանն ասաց․
«Եթե խոսքը վերաբերում է բազմաբնակարան շենքերին, անկախ նրանից՝ այդ շենքերն ունեն աղբատար, թե՝ ոչ, կառավարման մարմինները՝ համատիրությունները, կնքում են պայմանագրեր մասնագիտական կառույցների հետ, որոնք էլ իրականացնում են այդ ծառայությունները»։
Խնդրին բախվելիս բազմաբնակարան շենքերի բնակիչները պետք է դիմեն իրենց համատիրությանը, որն էլ իր հերթին դիմում է այն կազմակերպությանը, որի հետ կոնկրետ պայմանագիր է կնքել ախտահանման, կրծողասպան և միջատասպան աշխատանքներ իրականացնելու համար։ «Երևանի կանխարգելիչ ախտանահում» ՓԲԸ-ը մինչ 2004 թվականը այս գործառույթներն իրականացնող միակ կազմակերպությունն էր՝ մասնագիտացված ու պետական հիմունքներով գործող, այժմ ոլորտում գործունեություն իրականացնող բազմաթիվ ընկերություններից մեկն է, չնայած, ինչպես նշում է տնօրեն Մելս Պողոսյանը, վերոհիշյալ ծառայություններից օգտվելու համար շատերը դիմում են հենց իրենց օգնությանը։ Ընկերության տնօրեն Մելս Պողոսյանի խոսքով, իրենց ծառայություններից օգտվում է հանրապետության շուրջ 70 տոկոսը։ Ունեն բազմաթիվ մասնաճյուղեր, որոնք աշխատանքներ են իրականացնում նաև մարզերում։ «Ռադիոլուր»-ի հարցին՝ արդյո՞ք արդյունավետ է, այսպես ասած մեկ հասցեի փոխարինումը դաշտում ընդգրկված այլ կազմակերպությունների հետ աշխատանքով, Պողոսյանի արձագանքն այսպիսին էր՝ իհարկե ոչ։
«Որովետև պատահական մարդիկ ինչ-որ ՍՊԸ են ստեղծում 20 րոպեի ընթացքում ու հայտարարում, թե կարող է զբաղվել դեռատիզացիայով, աղտահանությամբ, սանմաքրմամբ և այլն։ Անգամ ավտոլվացման կետերը կարող են նման պայմանագրեր կնքել ։ Բազմաթիվ համատիրություններ գայթակղվում են ցածր գներով՝ հաշվի չառնելով՝ կատարվո՞ւմ է աշխատանքը, թե՞ ոչ։ Էլ չեմ խոսում անվտանգության մասին։ Ի վերջո, թունավոր նյութերի հետ գործ ունենք»։
Մելս Պողոսյանի խոսքով, առնետների դեմ պայքարի նպատակը նրանց թվաքանակի կրճատումն է, ոչ թե ոչնչացումը, քանի որ դա գործնականում անհնար է։ «Ոչնչացնելու դեպքում առնետները շատ արագ սկսում են բազմանալ՝ փորձելով լրացնել կորցրած թվաքանակը»,- ասում է մասնագետը։ Մայրաքաղաքում իրականացվող անորակ աղբահանության հետևանքով շատացել են ոչ միայն առնետները, այլև ճանճերը, ուտիճներն ու վարակի աղբյուր հանդիսացող այլ կենդանիները։ Արդյո՞ք ունենք համաճարակի վտանգ հարցով դիմեցինք ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանին։
«Այս պահի դրությամբ համաճարակային իրավիճակ, որպես այդպիսին, չկա, բայց դա մասնագետներիս հանգիստ լինելու տեղիք չի տալիս։ Կրծողների թիվը իսկապես շատացել է, իսկ դրանք վարակների տարածման իրական վտանգ են ներկայացնում»։
Չլինի աղբ, չի լինի նաև կրծողների կուտակում։ Քաղաքը աղբից անմիջապես մաքրելը , ըստ մասնագետի, հրամայական պահանջ է։




