ԿարևորՀասարակություն

ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը. ինչպես է ընդունվում պատժամիջոցների որոշումը

ԱՄՆ առեւտրի նախարարության «սեւ ցուցակը» կազմում է Արտահանման վարչությունը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը «Ռադիոլուրի» հարցմանն ի պատասխան հայտնել է, այդ ցուցակում տեղ են գտնում այն «կառույցները, որոնց հետ կապված կան կոնկրետ ու հիմնավոր փաստերի վրա հիմնված ողջամիտ պատճառներ՝ հավատալու, որ դրանք ներգրավված են եղել, ներգրավված են կամ կա նշանակալի ռիսկ, որ կարող են ներգրավվել այնպիսի գործողություններում, որոնք հակասում են Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերին»:

«Ռադիոլուրը» դեսպանատանը դիմել էր Երեւանի կապի միջոցների ԳՀԻ-ի եւ «Մարկել» ՓԲԸ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց հետո։ Դեսպանատան պարզաբանման մեջ նշված է, որ առեւտրի նախարարության Արտահանման վարչության կանոնակարգերին կից իրավաբանական անձանց/կառույցների ցուցակում ավելացվել են 17 կառույց՝ 11 տարբեր երկրներից:

Այդ ցուցակում նոր անուններ ավելացնելու, անուններ հանելու կամ փոփոխություններ կատարելու բոլոր որոշումներն ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայացվում են վերջնական գործածման ուսումնասիրության հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ առևտրի, պաշտպանության, էներգետիկայի դեպարտամենտներից, պետքարտուղարությունից, և, որտեղ անհրաժեշտ է, նաև գանձապետարանից: Հանձնաժողովը ցուցակում նոր անուններ ավելացնելու մասին որոշումներն ընդունում է ձայների մեծամասնությամբ:

Տես նաև՝ Բացառիկ հարցազրույց ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված հայկական ընկերության տնօրենի հետ

«Ռադիոլուր»-ին Երեւանի կապի միջոցների ԳՀԻ-ն տնօրեն եւ “Մարկել” ՓԲԸ-ն նախագահ Մհեր Մարկոսյանը մի քանի օր առաջ հայտնել էր, որ Երեւանի կապի միջոցների ԳՀԻ-ն որևէ առևտրային կապ  Իրանի հետ չի ունեցել, իսկ «Մարկել» ՓԲԸ-ն դադարեցրել է Իրանի հետ համագործակցությունը 2009 թվականին, երբ ԱՄՆ-ը  պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ: «Չուզեցինք խախտումներ անել, փոքր երկիր ենք…»,- ասել էր տնօրենը:

Նրա կարծիքով թյուրիմացություն է տեղի ունեցել և շուտով այս հարցերը պարզաբանում կստանան և առաջացած խնդիրները կլուծվեն:

Նա պատմել էր, որ «Մարկել» ընկերությունը միայն մեխանիկական սարքավորումների նախագծեր է արել, համագործակցել է պետական ձեռնարկությունների հետ: Նա ասել էր, որ իրականությանը չի համապատասխանում լուրը, թե ԱՄՆ-ից  սարքավորումներ են գնում ու թանկ վաճառում Իրանին:

Ընկերությունը տարբեր կոմպոնենտներ, միկրոսխեմաներ է  գնում ԱՄՆ-ից,  օգտագործում են իրենց համար. «Մենք ռադիոտեխնիկական սարքեր են սարքում, որ լսեն եթերը, հասկանան` ով ինչ է խոսում, ով է թռնում»:

Կարդացեք նաև

Back to top button