Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք առաջատարներ ու ազդեցիկ գործիչներ հաստատել են իրենց մասնակցությունը «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին որպես հիմնական բանախոսներ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, համաժողովի կազմակերպիչ Ալեքսանդր Եսայանը:
«Ընդհանուր առմամբ ունենք 59 հաստատված բանախոս և նրանց թիվն ամեն օր ավելանում է: Համաժողովի հիմնական բանախոսներից են բարձր-նորարարական ծրագրային ապահովման «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մըրթին, ձեռնարկատեր, համակարգչային գրաֆիկայի և արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջատար «NVIDIA» ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգը, «VaynerX»-ի նախագահ, «Twitter», «Tumblr», «Venmo», «Uber» ընկերությունների ներդրողներից մեկը՝ ձեռնարկատեր Գերի Վայներչուկը, համակարգչային տեխնիկայի և էլեկտրոնիկայի արտադրող «Acer» ընկերության հիմնադիր Սթեն Շին և ինքնաթիռների GPS նավիգացիոն համակարգերի արտադրության առաջատար «Garmin» կորպորացիայի համահիմնադիր և գործադիր նախագահ Մին Կաոն»,- ասել է Եսայանը: Շաբաթը մեկ անգամ կհրապարակեն նոր բանախոսների անունները:
«WCIT 2019»-ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը. Ակնկալիք և վտանգ»: Հայաստանը կհյուրընկալի ավելի քան 2000 մասնակից՝ մոտ 70 երկրից:
«Կոնֆերանսի ընթացքում ամեն օր լինելու են ստարտափեր ամբողջ աշխարհից, ինչպես նաև Հայաստանից, որոնք դիմելու են մեզ, և մենք զտելու ենք և ներկայացնենք ներկաներին: Ունենք ընդհանուր բյուջե ՝ 100 հազար ԱՄՆ դոլար և մրցույթ կհայտարարվի, ինչի արդյունքում կլինեն հաղթողներ»,- ասել է Եսայանը:
Հոկտեմբերի 6-ին՝ համաժողովից առաջ, լինելու է համերգ, որը մեկնարկելու է Հանրապետության հրապարակում ժամը 20:00-ին:
Ավելի վաղ հրապարակվել են նաև մի շարք այլ բանախոսների անուններ՝ «Reddit»-ի և «Initialized Capital»-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի նախագահ Վահե Թորոսյանը, «Սիմենս»-ի փոխնախագահ Ջենի Բոֆինգեր-Շուսթերը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը:
«WCIT 2019» համաժողովը տեղի է ունենալու Երևանում հոկտեմբերի 6-9-ին ընկած ժամանակահատվածում: Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ:




