

«Փորձը ցույց է տալիս, որ այն դեպքում, երբ պետությունը մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրված եղանակով իրականացնում է այս կամ այն ոլորտի զարգացման համալիր ծրագիր, արձանագրվում է առաջընթաց և զարգացում: Երկու տարի առաջ ձեռնամուխ ենք եղել իրական հատվածում այդպիսի ազգային ծրագրի իրականացմանը, ինչի արդյունքում կունենանք տնտեսության հստակ կառուցվածք, հստակ առաջնահերթություններ, պատշաճ պետական վերահսկողություն և թափանցիկություն, արդյունավետ աշխատող ձեռնարկություններ»,- հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ավելի քան 100 արդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ կայացած խորհրդակցության ժամանակ։
Նա նշել է, որ այդ ուղղությամբ առաջին քայլը պետություն-մասնավոր հատված համագործակցության պլատֆորմի տեսական հիմքերի ձևավորումն էր և ձեռնարկություններին օժանդակություն տրամադրող հանրապետական ներդրումային հիմնադրամի ստեղծումը:
Երկրորդ քայլով պետությունը պատրաստակամություն է հայտնել` բիզնեսը զարգացնելու առաջարկությունների հիման վրա ձեռնարկատերերի հետ հանդիպումների ընթացքում քննարկել հեռանկարային ներդրումային տարբեր ծրագրերը, որոնցում անհրաժեշտ է պետության միջամտությունը:
Ընդ որում՝ պետությունը պատրաստ է երկխոսության ինչպես մեծածավալ վարկեր վերցրած, բայց դրանք մարել չկարողացող ձեռնարկությունների, այնպես էլ հաջողության հասած և շուկայում որոշակի դիրք զբաղեցնող, բայց որակական փոփոխության խնդրի առջև կանգնած ձեռնարկությունների բիզնես-առաջարկները և տրամադրել առկա բոլոր հնարավորությունները:
«Արդյունաբերական ռազմավարության իրականացման առաջին քայլերը լինելու են ամենադժվարինը, բայց հաջողության են հասնելու նրանք, ովքեր հավատալու են այս ծրագրին և ում հետ համաձայնության ենք գալու ռազմավարական համագործակցության շուրջ»,- ասել է կառավարության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ կառավարությանն առաջին հերծին հետաքրքրում են արտատանման մեծ ներուժ, բարձր արտադրողականություն ունեցող աշխատատեղեր, մենեջմենթի բարձր մակարդակ ունեցող ձեռնարկությունները։