
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Մինդի անունով կինը երրորդ հազարամյակի առաջին մարդն է, որի արտաքինը փորձել են կանխատեսել TollFreeForwarding հեռահաղորդակցության ընկերության մասնագետները՝ հաշվի առնելով գիտնականների եւ փորձագետների կարծիքներն ու վերլուծությունները: Ապագայի մարդու 3D մոդելը մեզ ներկայացնում է հետեւյալ պատկերը. մի քիչ կորացած մեջք, հաստացած պարանոց եւ գանգ, փոքր ուղեղ, կոպերի երկրորդ զույգ: Ձեռքերը տձեւացած են այնպես, որ հարմար լինի սմարթֆոն բռնել: Ահա ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման հետեւանքով մարդու օրգանիզմի էվոլուցիան:

Մինդին հաստատ այդպիսին չէր լինի, եթե խաղար այն խաղերը, որոնք ժամանակին խաղացել են մեր տատիկներն ու պապիկները: Այս հարցում անգամ այսօր կա սերունդների լուրջ բախում՝ որոշ խաղեր արդեն մոռացվում են: Ավագ սերնդի կանայք մեր զրույցի ընթացքում խոստովանում են՝ չեն էլ փորձել թոռներին սովորեցնել իրենց խաղերը՝ ջահելների կողմից հետաքրքրություն չկա: Բայց ահա մեր զրույցի ընթացքում մեծ հաճույքով են վերադառնում մի քանի տասնամյակ հետ՝ իրենց մանկություն.
– Յոթ քար, բանկա-փլավ, կլաս, ղայիշլախթի, պարան, հավալա: Դրանք տղաների խաղեր են, բայց ես խաղացել եմ: Այդ հին խաղերը արդեն չկան, կորել են:
— Բացի այդ էն ժամանակ խառը խաղում էինք՝ տղա, աղջիկ, հիմա առանձին են խաղում:
— Մինչեւ ամուսնանալս խաղում էի դրսում: Անգամ նշանված եմ եղել, իջել եմ խաղացել: Իսկ հիմիկվա 6-րդ դասարանցիներն արդեն «սեր-սեր» են խաղում: Մեր ժամանակ միամիտ էր ամեն ինչը՝ պարզ մաքուր:
Երեւանի այն բակերից մեկում, որտեղ զրուցում եմ տիկնանց հետ, նկատելիորեն շատ են երեխաները: Բոլորն էլ հաճույքով խաղում են՝ տատիկների ուշիմ հսկողության տակ: «Բակային» առօրյայի հարցում այստեղ խիստ դրվածք կա՝ բոլոր երեխաները երեկոյան անպայման պետք է իջնեն բակ: Խաղերի հարցում, սակայն, տիկին Մարիետան տարաձայնություն ունի մեծ թոռան՝ Կարենի հետ: Մեծ դժվարությամբ է նրան ուղարկում բակ խաղալու: Կարենն այլ հետաքրքրություններ ունի եւ դժվար թե իմանա ասենք՝ տատիկին ծանոթ «ղայիշլաղթին» ինչ է կամ ինչպես են այն խաղում. «Որոշ երեխաները հաճույքով են, որոշ երեխաներին զոռով ենք հանում դուրս: Իմ Կարենին թողես ամբողջ օրը տանը կմնա՝ պլանշետով ու հեռախոսով զբաղվի: Չի սիրում բակային խաղերը: Երեկ օրինակ՝ լուրեր էր նայում, Փաշինյան: Բայց տեսողությունն է չէ՞ փչացնում»:

Կարենից տարիքով ավելի փոքր են Միշելն ու Եվան: Քույրիկներից փոքրը՝ 6-ամյա Եվան չի էլ կարողանում բացատրել՝ երբ է սովորել հեռախոսով խաղ քաշել եւ ով է սովորեցրել: Տատիկի հեռախոսի մեջ այսօր գերակշռում են իրենց խաղերը: Սակայն այս հարցում երեխաների տատիկը՝ տիկին Արմենուհին, հստակ կարգ է սահմանել. «Ժամով ենք խաղում: Հենց ժամը անցնում ա՝ տատիկին ենք տալիս»:
Նորարար տեխնոլոգիաների ազդեցության հարցը մարդկության վրա այսօր արդիական է բժիշկների համար: Հարցում է կատարվել 18-24 տարեկան երիտասարդների շրջանում՝ այն երիտասարդների, որոնք վիրտուալ կյանքով են ապրում, շփվում են հաղորդագրությունների միջոցով: Հարցվածների 84 տոկոսի մոտ նկատվել է մեջքի ցավ, գլխացավ, պարանոցի հատվածի ցավ: Բժիշկ-ռեֆլեքսոթերապեւտ Քրիստինա Դովլաթյան.

«Միանշանակ ճիշտ է, որ տատիկները թոռներին պոկում են հեռախոսներից եւ համակարգիչներից եւ ստիպում բակում խաղալ, որովհետեւ երեխան պետք է ունենա բակային մանկություն, ոչ թե համակարգչային կամ բջջային: Պետք է երեխաներն անընդհատ շարժվեն, վազ տան: Մեր ավագ սերունդը ավելի առողջ է, իրենք չունեն սկոլիոզ, ողնաշարի թեքումներ, որոնք շատ-շատ երիտասարդացել են: Բջջային հեռախոսից, համակարգչից օգտվելուց շատերը չեն հետեւում իրենց կեցվածքին: Նստում են կորացած, իսկ կորացած վիճակում նստելը եւ գլուխը առաջ թեքելը բավականին լարում է պարանոցային մկանները: Այդ լարվածությունը կարելի է համեմատել, որ մոտավորապես 8 տարեկան երեխան նստած է մեր պարանոցի վրա»:

Վերադառնանք մեր պատմության առաջին հերոսուհուն՝ Մինդիին՝ երրորդ հազարամյակի առաջին մարդուն: Մասնագետները խոստովանում են՝ նրա անատոմիական փոփոխությունները չափազանցրել են, որպեսզի ավելի տեսանելի լինի մեր օրգանիզմի վրա թողած տեխնոլոգիաների ամենօրյա ազդեցության գիտականորեն հիմնավորված խնդիրները: Իսկ խաղերի հարցում, անգամ առանց գիտական հիմնավորվածության, սերունդների պայքարը տատիկների եւ թոռնիկների միջեւ այդպես էլ լուծում չի գտնի:




