
Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»
Օգոստոսի 25-ին Գյումրին մեծ շուքով է տոնելու քաղաքի օրը՝ «Վարպետների քաղաք» խորագրով։ Տոնին ընդառաջ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Կումայրի արգելոցի պատմական հյուրատներից մեկում, տնական միջավայրում, պատմեց քաղաքի օրվա միջոցառումների, հիմնական խնդիրների ու դրանց լուծումների մասին.
«Տոնակատարությունը սկսվում է ժամը 11-ից, բացելու ենք Շիրազի փողոցը՝ իր հարակից փողոցներով: Շարունակվելու է տոնը թանգարաններով, խոսում են մեր մեծերը խորագրով»։
Գյումրիի տոնին գնացքներն էլ կաշխատեն արտահերթ չվացուցակով, վաղ առավոտյան 1 ժամվա տարբերությամբ 2 արագընթաց գնացք կշարժվի Երևանից Գյումրի և հետ կդառնա երեկոյան 11։30-ից հետո, որ քաղաքի հյուրերը հրավառությանն էլ մասնակցեն։ Հյուրերի շարքում պատվիրակություններ էլ են գալու Գյումրիի տոնին. «Սպասում ենք Չինաստանից՝ Սիան քաղաքից, հուշագիր է ստորագրվելու, ՅՈՒՆԵՍԿՕ-ից հյուրեր ունենք»:

Հյուրերին տպավորելու շատ բան կունենա Գյումրին ասում է քաղաքապետը, բայց փակագծերը չի բացում, որ օրվա միջոցառումներն անակնկալ լինեն։ Գյումրիի հրատապ լուծում պահանջող խնդիրներից ճանապարհաշինությունն անհարմարություններ կստեղծի, բայց դա ժամանակի հարց է, շուտով կլուծվի՝ ասում է Սամվել Բալասանյանն ու ավելացնում, որ անցած տարի քաղաքի պատմական միջուկի ճանապարհներն էին քանդված, բայց դա չխանգարեց զբոսաշրջիկների ու հյուրերի հոսքին. այս տարի Գյումրին աննախադեպ թվով հյուրեր է ընդունելու.
«Հաստատ գիտեմ, որ մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքների մեջ ենք մտնելու, որովհետև ունենք շատ սիրուն քաղաք, բայց հիմա նոր ենք նկատում»:
Գյումրիի կենտրոնում պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունների կողքին կան բազմաթիվ կիսաքանդ շինություններ, որոնք ներդրողները վերանորոգելով կարող են ու ամբողջացնել քաղաքի մշակութային դեմքն ու շահութաբեր բիզնես սկսել. հյուրատների, հուշանվերների ու սպասարկման այլ կառույցների նոր պահանջարկ է ձևաորվում. «Հենց ունեցանք հյուսիս հարավ ճանապարհ, մենք կունենանք շատ մեծ ներքին տուրիզմ»
Գյումրիում ընթացող մեծածավալ փողոցաշինական աշխատանքները փուլ առ փուլ առաջ են գնում, վերահսկողությունն էլ ամբողջ քաղաքով են իրականացնում։ Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի փողոցաշինական ծրագրով, 6 փողոց կառուցվել է, 33 –ն էլ կառուցվում են՝ 3 հրապարակի հետ մեկտեղ։ Համաշխարհային բանկի սուբվենցիոն ծրագրերով, համայնքային բյուջեով էլ են ճանապարհաշինական ծրագրեր ընթանում։ Հաջորդ տոնին Գյումրին ավելի բարեկարգ կընդունի իր հյուրերին, մինչ այդ՝ ևս մեկ տոն Սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը Գյումրի կբերի բազմաթիվ հյուրերի։




