
Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով՝ հուլիսին անշարժ գույքի գործարքների թիվը 2018-ի հուլիսի համեմատ աճել է ավելի քան 17 տոկոսով։ Աշխուժություն կա նաև մարզային քաղաքներում, հատկապես Գյումրիում։ Ինչո՞վ է պայմանավորված նկատվող աշխուժությունը, ի՞նչն է բերել անշարժ գույքի գործարքների թվի ավելացմանը։
2019 թվականի հուլիսին hանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 16 հազարից ավելի գործարք: Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելին է 10, իսկ 2017-ից՝ 17 %-ով:
Գործարքների ավելացումը փոխել է նաև անշարժ գույքի գները: Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ Երևանում 2019 թվականի հուլիսին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի շուկայական միջին գինը 2019 թվականի հունիսի համեմատ աճել է 0.7, իսկ 2018 թվականի հուլիսի համեմատ՝ 9.8 %-ով: Ոլորտում արձանագրված աշխուժությունն անշարժ գույքի «Ակցեռն» գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը պայմանավորում է երկու հիմնական գործոնով․
«Հիմնական գործոններից մեկը պայմանների բարելավումն է հիփոթեքային շուկայում՝ պայմանավորված հատկապես եկամտահարկի վերադարձով ու վարկի մարման ժամկետների երկարաձգմամբ։ Եթե նախկինում 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին չէր կարող օգտվել առաջնային շուկայից, ապա այժմ նման հնարավորություն ստեղծվել է։ Ակտիվությունը պայմանավորված է նաև քաղաքական իրավիճակի փոփոխություններով, ինչը բերել է հայկական անշարժ գույքի շուկայի նկատմամբ սփյուռքահայերի հետաքրքրության աճի»։
«Հայկական անշարժ գույքի շուկայի նկատմամբ սփյուռքահայերի հետաքրքրության մակարդակը, սակայն, ուղիղ համեմատական չէ բուն գործարքների թվին»,- նկատում է «Ակցեռն» գործակալության տնօրենը։ Նրա խոսքով՝ Հայաստանում տուն գնելու սփյուռքահայերի ցանկությունն ու հետաքրքրությունը միշտ չէ, որ վերածվում են իրական գործողության։
«ԱՐ-ԳՈ ՌԻԵԼԹԻ» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Նարինե Սահակյանը ևս արձանագրում է՝ ակտիվությունը նկատելի է հատկապես հիփոթեքի առաջնային շուկայում։ Երկրորդային շուկայում պատկերը, գոնե հիշյալ գործակալության տվյալներով, էական փոփոխության չի ենթարկվել․
Անշարժ գույքի բորսայի փոխտնօրեն Անատոլի Պրիբիլսկին «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ հուլիսին գործարքների թվի ավելացում չեն արձանագրել, բայց ոլորտում ընդհանուր առմամբ աշխուժություն նկատվում է, ինչն, ըստ նրա, պայմանվորված է հայկական անշարժ գույքի շուկայում սփյուռքահայերի հետաքրքրության աճով.
Ոլորտի որոշակի աշխուժացում նկատվում է նաև մարզերում: Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ մարզային քաղաքներում 2019 թ. հուլիսին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի շուկայական միջին գինը 2019 թվականի հունիսի համեմատ աճել է 0.1 %-ով։ «Ակցեռն» գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանի խոսքով՝ անշարժ գույքի գործարքների աճ կա մարզային զբոսաշրջային կենտրոններում՝ Դիլիջան, Ջերմուկ, Ծաղկաձոր և այլն։
«Գործարքների աճ կա այն կենտրոններում, որտեղ զարգանում է հյուրանոցային, ռեստորանային բիզնեսը»։
Մարզային կենտրոններից անշարժ գույքի շուկայում ակտիվությամբ առանձնացնում են հատկապես Գյումրին։ Տեղական ու արտասահմանցի գնորդների հետաքրքրության առանցքում հատկապես քաղաքի պատմական կենտրոնն է, որտեղ վերջին տարիներին մի քանի փողոց է վերանորոգվել, հյուրատներ ու սրճարաններ են բացվել:




