
«Նարեկավանք Տուր» զբոսաշրջային գործակալության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, առ այն, որ թուրքական իշխանությունների կողմից սառեցվել է Երևան-Վան չվերթը։ Գործակալությունը միաժամանակ հույս է հայտնում, որ Թուրքիայի իշխանությունները ողջամտություն կցուցաբերեն և կվերանայեն իրենց որոշումը:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. ««Նարեկավանք Տուրն» ափսոսանքով հայտնում է, որ երեկ՝ 2013 թ. մարտի 28-ին, Թուրքիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը անորոշ ժամանակով հետաձգել է Վան-Երևան-Վան ուղիղ չվերթների իրականացումը: Այս չվերթը պետք է իրականցվեր հայկական «Նարեկավանք Տուր» ընկերության, թուրքական «Բորաջեթ» ավիաընկերության և Վանի «Այանիս» տուրիստական գործակալության կողմից:
Չվերթի գլխավոր նպատակն էր զարգացնել տուրիզմը և ժողովուրդների միջև մշակութային կապերը տարածաշրջանում, ինչպես նաև նպաստել տնտեսական և գործարար համագործակցությունը: Չվերթի կազմակերպիչները խանդավառությամբ արձանագրում էին այն փաստը, որ նախաձեռնությունը չի արգելակվում ոչ Հայաստանի, ոչ էլ Թուրքիայի իշխանությունների կողմից: Այս դրական իրողությունը բազմիցս ողջունվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Թուրքական տուրիստական գործակալությունների ասոցիացիայի Վանի մասնաճյուղի կողմից: Կազմակերպիչները միանգամայն քաղաքականությունից հեռու մնալու մոտեցումով էին առաջնորդվում: Ափսոսանքով հայտնում ենք, որ նույնը չկարողացան անել թուրքական իշխանությունները, որոնք, ի վերջո, թույլ տվեցին, որ քաղաքականությունը բացասական կերպով միջամտի այս խոստումնալից նախագծին:
Մենք դեռ հույս ունենք, որ Թուրքիայի իշխանությունները ողջամտություն կցուցաբերեն և կվերանայեն իրենց որոշումը»:




