
Ամուսլարի հանքավայրի շահագործման դեմ Ջերմուկում այսօր նախատեսված ակցիայի ժամը փոխվել է։ Այդ մասին «Ռադիոլուր»-ին փոխանցել է Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։ Նա նշել է, որ 14-ի փոխարեն Ջերմուկում կհավաքվեն 17-ին։
Բունիաթյանի խոսքով, քանի որ Ջերմուկը առողջարանային քաղաք է, ու երկուսը ընդմիջման ժամ է, որոշել են փոխել ակցիայի ժամը։ Բացի այդ, այսօրվա նախաձեռնությանը, ըստ Ջերմուկի բնակչի, ցանկություն են հայտնել մասնակցել նաև Ջերմուկում գտնվող զբոսաշրջիկները։ Ակցիայի մեխը այն է, որ Ջերմուկի բնակչությունը՝ անկախ փորձաքննության արդյունքներից դեմ է Ամուլսարի շահագործմանը. «Անկախ բոլոր որոշումներից՝ Ամուլսարում հանքարդյունաբերության էջը փակված է»։
Անդրադառնալով վարչապետին Ջերմուկում այսօր հանդիպելու պահանջին՝ Շիրակ Բունիաթյանն ասել է․«Մեզ համար ցանկալի է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր մեզ հետ լինի, սակայն, եթե չգա էլ, կհասկանանք, քանի որ փաստաթուղթը ծավալուն է, դեռ վերջնական չի ուսումնասիրել։ Ու երբ ուսումնասիրի, վերջնական որոշումից առաջ ինքը կառաջարկի հանդիպել մեզ հետ»,- եզրափակել է Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։




