
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Մայրաքաղաքի Աբովյան-Բուզանդ փողոցների խաչմերուկում արդեն մի քանի օր է հին ու բարի ժամանակներից հայտնի զապորոժեց ավտոմեքենա է կանգնած, դռները բաց են ու ներսում էլ՝ լիքը հուշանվերներ: «Նռենի» ապրանքանիշը զբոսաշրջիկներին ու նաև տեղացիներին անտարբեր չի թողնում. առանց ձայնային ազդանշանի հրավիրում է իր մոտ ու երկար ժամանակ պահում իր կողքին:
Տարատեսակ հուշանվերների մեջ գերակշռում է նուռը՝ անվանը համապատասխան: Ցանկացած օտարերկրացի ժամերով կարող է կանգնել զոպորոժեցի բաց դռների մոտ ու տարվել կավից պատրաստված հուշանվերներով՝ բաժակ, աղաման, գինու տակառ, տիկնիկներ, դուդուկ նվագող երաժիշտ, սափորներ, ափսեներ ու անպայման խաչքար: Այս հուշանվերները լի են Հայաստանի մասին ջերմ հիշողություններով: Ինչպես է ծնվել այս հետաքրքիր գաղափարը, ովքեր են հեղինակները:

«Սա վաճառասրահի է նմանվում, բայց ավելի շատ կոլորիտային էֆեկտ ունի: «Զապորոժեցը տյունինգ արեցինք, մեջը դարակներ դրեցինք: Հետո որոշեցինք ձեռագործ հուշանվերներ ներկայացնել: Գրանցվեցինք հարկային դաշտում, օրենքով, ու հետո սկսեցինք: Մեզ համար ավելի կարևոր է կոլորիտը, ոչ թե եկամուտը»,-պատմում է Հարություն Նազարյանը ու շարունակում,-« Ձեռագործ հուշանվերներ են: Մտածում ենք մի հատ էլ զապորոժեց տյունինգ անել, բայց դա կլինի քշվող: Մտածում ենք, որ Հայաստանի պատմամշակութային հուշարձանների կողքին ևս կարելի է տեղադրել նման մի զապորոժեց, բայց դա հետո…»:
Ընկերներից մյուսը՝ Վահրամ Դեհերյանը, տնտեսագետ է, սակայն խաչքար սարքել է սովորել. դա հոբբի էր սակայն, այն այսօր նաև եկամուտ է ապահովում:
Երբեմն մանր հուշանվերները խառնվում են, կորում ու տղաները ստիպված են լինում նորից խնամքով դասավորել, բայց չեն նեղվում դրանից, գործն անում են սիրով ու ոգևորված:
Ընկերները մտածում են զարգացնել լոկալ բիզնեսը: Գուցե մայրաքաղաքի այլ փողոցներում ևս հուշանվերներով բեռնված զապորոժեցներ ավելացնեն:




