ԿարևորՀասարակություն

«Սանիթեք» -քաղաքապետարան առճակատման նոր նրբերանգները

Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»

Երևանի ավագանու այսօրվա նիստում գլխավոր թեման դարձյալ եղել է աղբահանությունը:  «Սանիթեք» -քաղաքապետարան շարունակվող առճակատումն այսօր  լրացվել է նոր ինտրիգով: Ավագանու ընդդիմադիր անդամներին զայրացրել է մանկապարտեզների վերանորոգման միջոցների հաշվին աղբահանությանը լրացուցիչ միջոցներ տրամադրելու որոշումը:

91 մլն դրամով կրճատվում է մանկապարտեզների վերանորոգման  համար նախատեսվող գումարը, փոխարենն   այդ գումարն   ուղղվում է  «Աղբահանություն և սանիտարական մաքրում»  ծրագրին:   

Ծրագրի   ընդհանուր  գումարը     1 մլրդ 726 մլն դրամ է: Ի՞նչու   բյուջեով  նախատեսված ծրագրերից  մեկն իրականացվում  մյուսի  հաշվին:    Ավագանու ԲՀԿ անդամ Միքայել Մանրիկյանն   ասում է  քաղաքը  մաքրել  պետք է,   բայց  դա անել   նախադպրոցական  հաստատությունների  նորոգման հաշվին  նպատակահարմար չէ: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը առաջարկում է  այդ գումարները ձեռք բերել այլ  աղբյուրներից . «Օրինակ, աղբահանությանն ուղղվող  միջոցներն  ավելացնել  ոչ թե  երեխաների,  այլ    պարգևավճարների և գործուղումների ծախսերի հաշվին»:  

Նիստը վարող  քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նկատեց.   ոչ մի մանկապարտեզ դուրս չի մնալու վերանորոգման ծրագրից:  Պարզապես այդ գումարը  չի բավարարի  21 մանկապարտեզ վերանորոգելու համար: Վերանորոգման աշխատանքներն էլ սկսելու համար նախ պետք է մրցույթ  հայտարարել,  նախահաշիվ  կազմել,  շինարար գտնել : Այս ամենը մինչև  իրականացվի, տարին կավարտվի: Հետևաբար որոշել են փողն ավելի արդյունավետ օգտագործել:  Այդ ամբողջ տեխնիկան Երևանում կլինի արդեն աշնանը  և  կլուծվի աղբահանության խնդիրը:

«Նույն խոստումը տալիս էիք  ամռանը, հավաստիացնում, որ մինչև օգոստոս   քաղաքը ամբողջությամբ կմաքրվի:   Ի՞նչն է պատճառը, որ չեք   խզում  «Սանիթեքի»   հետ կնքած  պայմանագիրը».- փոխաղաքապետին  հարցրեց  «Լույս» խմբակցությունից    Թեհմինա  Վարդանյանը:  Ավագանու   անդամը     հիշեցրեց  Հայկ Սարգսյանի   երեք ամիս առաջ արած այն արտահայտությունը , որ  «Սանիթեքի» պայմանագրի խզումը  քաղաքական որոշում է լինելու։  Փոխքաղաքապետը  ավագանու անդամին  հստակ  չպատասխանեց, փոխարենը  մտաբերեց «Կիկոսի մահը»  հեքիաթը:

«Ստեղ ի՞նչ քաղաքական կոմպոնենտ կա, ձերբակալե՞լ ենք, ի՞նչ ենք արել, ակնհայտ է, որ «Սանիթեքն»  իր պարտականություններն ընդհանրապես չի կատարում: Մեկ անգամ էլ ասեմ՝ չգիտեմ՝ սեպտեմբերին պայմանագիրը խզելու եմ, թե ոչ, չգիտեմ՝ «Սանիթեքը» հրաշք է կատարելու սեպտեմբերին, «եթե»-ներով չեմ ուզում, դա «Սանիթեքի»  աղբահանության լուծման հետ կապված ի՞նչ առաջընթաց է գրացում, ոչ մի: Հիմա եթե, եթե, եթե, «եթե»-ով լինում է Կիկոսի մահը»:

Ի դեպ,   «Սանիթեք»-ն այսօր հայտարարություն էր տարածել ՝ քաղաքապետարանին մեղադրելով միակողմանի գործելաոճի մեջ: Հայտարարության մեջ,  մասնավորապես,  ասվում էր, որ իրավիճակի հանգուցալուծման երկու առաջարկ է ներկայացվել `   կարճաժամկետ և երկարաժամկետ, սակայն մինչ օրս ընկերության առաջարկները մնացել են անպատասխան:  Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը  ասում է, որ   համագործակցության դուռը միշտ բաց է եղել «Սանիթեքի» համար, իսկ առաջարկներն էլ իրականում նոր չեն:

 «Սանիթեք»-ի հայտարարության մեջ նաև նշվել էր, թե քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են ընկերության աղբադույլերը և չեն կատարվում սահմանված վճարումները: Խոսքը Դավիթաշեն վարչական շրջանում նոր աղբամանների տեղադրման մասին էր:

Գործընթացը եղել է  օրենքի տառին համապատասխան՝ ասում է քաղաքապետի մամուլի քարտուղարը, հիշեցնելով, Երևան համայնքը և անձամբ Երևանի քաղաքապետն ունեն ուղղակի պարտավորություն՝ ապահովելու Երևանի աղբահանությունը և սանիտարական մաքրումը:

Կարդացեք նաև

Back to top button