
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Տաքսու վարորդները շարունակում են բողոքել, անգամ Տրանսպորտի եւ Կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպումից եւ փոփոխված օրենքի նախագծի անհրաժեշտության մասին նրա բացատրությունից հետո: «Փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ»,-ասում են օրինական դաշտում արդեն մի քանի տարի աշխատող տաքսու վարորդները: Նրանց խոսքով՝ այս փոփոխություններով հավասարություն սպասելն անիմաստ է: «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահը, անհատ ձեռներեց վարորդների հետ միասին, իրենց մտահոգություններն են ներկայացրել:
Ինչով են մտահոգ անհատ ձեռներեց վարորդները: Նրանք իրենց մտահոգությունները հիշեցնենք, երեկ ներկայացրել են տրանպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին: «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանը, ԱՁ վարորդներ Գագիկ Պողոսյանն ու Վիկտոր Սահակյանը երեկվա հանդիպումից հետո եւս շարունակելու են պայքարել հանուն հավասար իրավունքների: Դեղին համարանիշերից սպիտակին անցնելը, նրանց խոսքով, հետքայլ է: Գեւորգ Դոստուրյանի խոսքով՝ կյանքը ցույց տվեց, որ վերջին 5-6 տարիներին դաշտը չկարգավորեցին նունիսկ դեղին համարանիշերը:
Վարորդ Վիկտոր Սահակյանի խոսքով էլ իրենց անհագստությունը կապված է նաեւ ապագայի նկատմամբ թերահավատությամբ. «Ոչ մի հույս չկա, թե վաղը նորից մի օրենք չի փոխվի»,-ասում է: Անհատ Ձեռներեց Գագիկ Պողոսյանն էլ լուրջ խնդիր է համարում սոց վճարների հարցը:
Հիշեցնենք, որ երեկ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ապացուցում էր , որ վարորդներն ընդամենը մի քանի պարտադիր վճարից ազատվում են նոր նախագծով, իսկ վարորդների դժգոհությունն էլ պայմանավորում էր հետեւյալով. որ որոշ ՀԿ-ներ վարորդների հաշվին գումար են վաստակում եւ նրանց համոզում, որ օրենքը վարորդների դեմ է ուղղված:




