ԿարևորՀասարակություն

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ԶԼՄ-ներից է տեղեկացել Պոբեդայի մտադրության մասին

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Պոբեդա ավիաընկերության Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթերը դադարեցնելու մտադրության մասին ԶԼՄ-ներից տեղեկացել՝ ասվում է կոմիտեի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում

«Հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն որևէ պաշտոնական ծանուցում Պոբեդա ավիաընկերությունից ձմեռային չվերթերի չիրականացման մասին չի ստացել:
Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակի պարզաբանման նպատակով Կոմիտե են հրավիրվել Արմենիա Միջազգային օդանավակայաններ ՓԲԸ և Պոբեդա ավիաընկերության ներկայացուցիչները: Հանդիպման արդյունքում որոշում է կայացվել հանգամանքների ուսումնասիրության և համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով Կոմիտեի նախագահի հրամանով ձևավորել մասնագետներից կազմված աշխատանքային խումբ: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է Գյումրի (Հայաստան) չվերթերը: Այս մասին ТАСС-ին հայտնել էր ավիաընկերության աղբյուրը, ըստ որի՝ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերլիցքավորման հետ:

«Գյումրիի օդանավակայանում, ցավոք, վառելիքի լիցքավորման ընկերությունը պարբերաբար թերլիցքավորում է կատարում: «Պոբեդան» բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ պահանջելով պարզել իրավիճակը», – նշել էր աղբյուրը: Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել էր, որ տոմսերի վաճառքը դադարեցված է: 

«Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի դեպի Գյումրի թռիչքներ իրականացնել միայն այն դեպքում, եթե հայկական օդանավակայանից երաշխիքներ ստանա, որ վառելիքի թերլիցքավորման դեպքերը կբացառվեն,  հայտարարել էր ավիաընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան։

Նրա խոսքով՝ մինչև ամառվա վերջ ավիաընկերությունը կիրականացնի բոլոր նախատեսված թռիչքները, սակայն ձմռան սեզոնի համար այս ուղղությամբ այլևս տոմսեր չեն վաճառվի։ 

Կարդացեք նաև

Back to top button