
Լուսանկարում արաբկիրցիների սիրելի Մալականի այգին է, որի պաշտոնական անունը, ի դեպ, «Արաբկիր» այգի է։ Վերջին շրջանում, լինելով տարբեր վարձակալների և ենթավարձակալների տրամադրության տակ, զրկվել է խնամքից, այստեղ կուտակվել են բազմաթիվ խնդիրներ՝ գրում է ֆեյսբուքյան իր էջում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Հիմա, շնորհիվ վարչական շրջանի ղեկավարի ջանքերի ու վարձակալների հետ հետևողական բանակցությունների, 50 տարով վարձակալության տրված մոտ 3 հա մակերեսով այգին վերադարձվել է վարչական շրջանին։
Ինչպես նշվում է գրառման մեջ, այգում կան էնդեմիկ բուսատեսակներ, որոնց պահպանումը և ընդհանրապես, ֆլորայի վերականգնումը վարչական շրջանի ղեկավարության թիվ մեկ խնդիներից է։ Ուստի, առաջնային է ոռոգման ցանցի ստեղծումը, ինչի ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։




