ԿարևորՀասարակություն

«Շնորհակալություն, Սևան». վերաբերմունքի արտահայտման ինքնատիպ ձևաչափ

Օգոստոսյան հանգստյան օրերը նշանավորվեցին երաժշտական իրադարձությամբ` «Սևան» երաժշտական միջազգային 5-րդ փառատոնով: Սևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը՝ ամփոփելով փառատոնը, գրում է, որ «Շնորհակալություն, Սևան» կարգախոսով անցկացվող փառատոնը Սևանի նկատմամբ վերաբերմունքի արտահայտման ինքնատիպ ձևաչափ է, որն օգնում է ոչ միայն շնորհակալություն հայտնել լճին, այլ նաև լճի միջոցով ի ցույց դնել մի շարք խնդիրներ, վեր հանել բնապահպանական հիմնահարցեր:

Երկօրյա փառատոնը համախմբման հիանալի հնարավորություն է ընձեռել. միմյանց են հանդիպել Հայաստանի և արտերկրի տարբեր երաժշտախմբեր, անհատ կատարողներ, խմորվել են նոր գաղափարներ, հենց տեղում ծնվել երաժշտական կատարումներ: Միաժամանակ փառատոնը ձեռքբերել է նոր գործընկերներ, որոնք միացել են արդեն տարիներ շարունակ փառատոնի կազմակերպիչների կողքին կանգնած անհատներին և կազմակերպություններին: 
Փառատոնի համերգային մասին նախորդել և այն ուղեկցել են բազմաթիվ հետաքրքիր ձեռնարկներ:

Փառատոնի 2-րդ օրը Սևան են այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետարանի աշխատակիցներ: Նրանք Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հետ շրջել են փառատոնի անցկացման համար նախատեսված տարածքում, օգտվել գործող տաղավարներից, շնորհավորել և ողջունել փառատոնի մասնակիցներին, կազմակերպիչներին և հանդիսատեսին:

Փառատոնի կազմակերպիչներն էլ իրենց շնորհակալությունն են հայտնել Սևանի համայնքապետարանին և Գեղարքունիքի մարզպետարանին` ի դեմս համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի: 

«Կայացավ հերթական փառատոնը, որը իսկական երաժշտական հրավառություն էր` լի անակնկալներով, լավ երաժշտությամբ, տրամադրություն ստեղծող պահերով և դրական զգացողություններով»,- նշված է գրառման մեջ:

Կարդացեք նաև

Back to top button