Քաղաքական

Ի՞նչ է բացահայտում կամ թաքցնում Փաշինյանը. գաղտնի փաստաթղթի հետքերով

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Նախօրեին՝  արձակուրդի վերջին օրը,  ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի  արած հայտարարությունը բուռն քննարկվում է թե սովորական զրույցներում, թե սոցցանցերի տիրույթում, թե քաղաքագիտական շրջանակում:

Վարչապետն անդրադարձել է մի գաղտնի զեկույցի, որը կազմվել է Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ՝ հավանաբար 2014 թվականին: Այդ փաստաթղթում ներկայացված ընդամենը մեկ–երկու փաստով Փաշինյանը  փորձել է նկարագրել նոր իշխանության ստացած  ժառանգությունը և  օգտագործել է «ձախողված պետություն» ձեւակերպումը:

Ռադիոլուրը վերլուծաբանների օգնությամբ  փորձել է  հասկանալ՝ ինչ էր նշանակում վարչապետի հայտարարությունը, ինչ ենթատեքստեր ուներ եւ ինչու արվեց այս պահին:

2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը կարող է  պետության կաթվածահար վիճակի եւ ձախողման մասին գուժող գաղտնի փաստաթղթի ուղիղ հետեւանք լինել: Ֆեյսբուքյան գրառմամբ այս  եզրահանգումն անելուց  առաջ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նախ թվարկել է, թե ինչ զարգացումներ կարող էին հաջորդել գաղտնի զեկույցին, որը Սերժ Սարգսյանի սեղանին դրվել էր դեռ 2014-ին:

«Ակամայից այդ տարեթվի հետ կապված հիշում ես, որ 2014-ին ամռանն Ադրբեջանն առաջին փորձն արեց լայնածավալ պատերազմ սանձազերծելու: Ամռանը, Տավուշից մինչեւ Արցախ սահմանագծով, դիվերսիաների հեղեղ էր, լարվածության աննախադեպ աճ՝ բնակավայրերի հրետակոծություններով: Չմոռանանք նաեւ, որ այդ տարի Ադրբեջանին գաղտնի տեղեկություններ փոխանցելու քրեական գործեր հարուցվեցին լրտեսության հոդվածով: Ի վերջո, թշնամին հարձակվեց, որովհետեւ վստահ էր, որ կհաղթի, որովհետեւ վստահ էր, որ պետությունը ձախողված է: Եթե 2014-ին Պուտինը «մեծահոգաբար» օգոստոսի 8-ին այն կանգնեցրեց, ապա 2016-ին լռելյայն համաձայնեց: Ու Ալիեւը դա կրկնեց նաեւ 2016-ի ապրիլին՝ վստահ լինելով, որ մենք կաթվածահար վիճակում ենք»։  

Մի քանի ամիս է, ինչ 2014-ի գաղտնի զեկույցը գտնվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին: Նախկինում վարչապետը չի խոսել փաստաթղթի մասին՝ որոշելով  հրատապ հետեւություններ չանել: Եւս մեկ անգամ փաստաթուղթն ընթերցել է 10-օրյա արձակուրդի ընթացքում եւ երեկ երեկոյան արդեն հիմնական եզրակացությունը ներկայացրել է հանրությանը:

«Այն պրոբլեմները, որ այստեղ գրված են, բնականաբար մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր շտկել: Սա փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են եւ ինստիտուցիոնալ առումով մեր պետությունը ամբողջությամբ ձախողված է: Փաստն այն է, որ մեր երկրում չկան ինստիտուտներ, որոնք լուծեն մարդկանց հարցերը եւ ընդհանրապես լուծեն  ամենաբազմազան խնդիրներ: Հայաստանում ըստ էության կառավարման համակարգը հենված է եղել կոռուպցիայի վրա: Երբ կոռուպցիան հանում ես, պարզվում է էլ տակը կառավարման համակարգ չկա: Սա մեզ համար ամենամեծ պրոբլեմն է մենք պետք է ըստ էության զրոյից ՀՀ-ում ստեղծենք ինստիտուտներ, որոնք լուծեն այն պրոբլեմները, որոնք կանգնած են մեր երկրի առաջ: Մեզ ամուր նյարդեր են պետք այս իրավիճակը կառավարելու եւ այս իրավիճակը լուծելու համար»,- ասել էր Փաշինյանը:

Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսում վարչապետը: Զեկույցն այնքան  գաղտնի է, որ նա որոշել է չհրապարակել անգամ անվանումը: Հենց այս գաղտնիությունը եւ անորոշությունը խոցելի են դարձնում հրապարակված փաստերը, ինչն էլ  առաջինը թիրախավորել  է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Պահանջում է հրապարակել զեկույցի անվանումն  ու հեղինակներին: Նույն պահանջի կողմնակիցն է, ի դեպ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը: Հասցեական մոտեցման եւ հստակեցումների կողմնակից է նաեւ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:     

«Բացի անունից նշված չէ, թե  այդ փաստաթուղթն ով է կազմել՝ կառավարությո՞ւնը, կառավարության պատվերո՞վ է կազմվել, թե՞  ինչ-որ մարդիկ են կազմել, ներկայացրել կառավարությանը: Կամ՝ գաղտնի փաստաթուղթ ասելով՝ ինչ նկատի ունի, որովհետեւ գաղտնի փաստաթղթի մասին գոյություն ունեն համապատասխան օրենքներ եւ կարգավորումներ: Գաղտնի փաստաթղթերը հրապարակել չի կարելի եւ դրա համար որոշակի կարգապահական կամ գուցե ավելի լուրջ պատիժներ են հասնում»:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը վարչապետի ասածում առանձնապես նորություն չի տեսել: Կարծում է՝ Փաշինյանը խոսել է այն ամենի մասին, ինչը շատ վաղուց գիտեին բոլորը:  

«Ավելին՝ դեռեւս ամիսներ առաջ նախկին իշխանությունների կողմնակիցներից շատերը բաց տեքստով հայտարարում էին, որ կոռուպցիան լավ էլ մեթոդ է կառավարման,  եւ նախկին իշխանությունների օրոք շատ արդյունավետ կառավարվել է երկիրը հենց կոռուպցիոն համակարգի միջոցով: Խնդիրը ո՞րն է: Եթե վերջին 10 տարում Հայաստանի բնակչության 13 տոկոսը արտագաղթել է պաշտոնական տվյալներով, բնականաբար, ձախողված է այդ պետությունը: Գուցե դա չափազանց կոշտ գնահատական է, բայց ըստ էության՝ այդպես է: Եվ հետո մենք Հայաստանը պետք է համեմատենք հարեւանների հետ: Խնդիրն այն չէ, թե տնտեսությունը 5-6 տոկոսով աճել է՝ դա լավ է, թե վատ: Մենք պետք է նայենք այդ ընթացքում մեր հարեւանները, մեր մրցակիցները ինչքանով են աճել: Եվ եթե մեր հարեւանների տնտեսությունները նույնիսկ 1-2 տոկոսով ավելի արագ են աճել, քան մերը, ուրեմն մեզ համար դա ձախողում է: Մենք վստահաբար զարգացման շատ ավելի լավ շանսեր ունեինք, որոնք անցած 10-15 տարիների ընթացքում բավարար չափով չենք իրականացրել»,- նշում է քաղաքագետը:

Գաղտնի զեկույցի շուրջ քննարկումների կողմ եւ դեմ կարծիքներում կան նաեւ հիմնավորումներ, թե ինչու վարչապետը որոշեց հանրայնացնել փաստաթղթի գոյության փաստը եւ մի քանի դրվագ: Ստեփան Դանիելյանն այս հարցում կասկածամիտ է՝ ավելի հեռուն  գնացող զարգացումների է սպասում.

«Առհասարակ հարց է, թե ինչպես է պետությունը այս 5 տարին գոյատեւում եւ հաջորդ հետեւությունը, որը կարեւոր է՝ եթե ինստիտուտները չեն աշխատում, ապա ինչ ինստիտուցիոնալ քայլեր են անում, որպեսզի այդ ինստիտուտները սկսեն աշխատել: Տեսնում ենք՝ որեւէ հստակ քաղաքականություն չի տարվում, որեւէ լուրջ օրենսդրական գործունեություն չի տարվել: Կան ընդհանուր խոսքեր: Ես վախենամ, որ ինքը ոչ թե փորձում է արդարանալ ներկա իրավիճակի համար, այլ ինչ- որ վատ կանխատեսումներ ունի եւ փորձում է ապագայում տեղի ունենալիք ինչ-որ դեպքերի հետ կապված նախապես իրեն ապահովագրել եւ մեղքը գցել նախկին իշխանությունների վրա»,- նշում է Ստեփան Դանիելյանը:  

Մինչդեռ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը հավատում է վարչապետի անկեղծությանը եւ հանրության հետ բաց խոսելու ցանկությանը:

«Չեմ կարծում, թե վարչապետն արդարանում է: Պարզապես վարչապետը փորձում է անկեղծ զրուցել հասարակության հետ, իսկ ցանկացած անկեղծ զրույց, իհարկե, ինչ-որ իմաստով նաեւ խոցելի է եւ այդպիսի հակադարձումների է արժանանում: Այսինքն,  այստեղ պոպուլիզմ չկա: Եթե վարչապետը ցանկանար պոպուլիստական ելույթ ունենալ, վստահաբար շատ ավելի լավ ձեւեր կգտներ՝ արդարացնելու այն, որ հասարակական սպասելիքները լիովին չեն արդարանում: Ամեն դեպքում, կարծում եմ ուղղակի նա փորձել է անկեղծ խոսակցություն ունենալ հասարակության հետ եւ վստահաբար հասարակության մեծ մասը դա հենց այդպես էլ ընկալել է»,- ասում է Արմեն Բաղդասարյանը:

Քաղաքագետը, ի դեպ, պնդում է, որ վարչապետը պահպանել է գաղտնիության պահանջը եւ որեւէ խախտում նրա գործողություններում չի տեսնում:  

Կարդացեք նաև

Back to top button