
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով հանդիպմանը Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանակից շրջանների քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորմանը, ինչը հանգեցրել է խաղաղ բնակչության և երեխաների շրջանում զոհերի և վիրավորների։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, օգոստոսի 2–ին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով հանդիպմանը Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի նախագահությամբ մասնակցել են շուրջ 80 անդամ երկրների պատվիրակություններ: Երեխաների և զինված հակամարտությունների հարցերով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը հանդես են եկել հակամարտային իրավիճակներում երեխաների պաշտպանության արդի խնդիրների վերաբերյալ զեկույցներով։
Իր ելույթում Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանակից շրջանների քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորմանը, ինչը հանգեցրել է խաղաղ բնակչության և երեխաների շրջանում զոհերի և վիրավորների։ Նա ընդգծել է, որ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը հնարավորություն կտար քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին սպառնացող վտանգների նվազեցմանը, և դրա ներդնումից հրաժարվելը որևէ արդարացում չունի։
ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է նաև հումանիտար կազմակերպությունների ազատ և անխափան մուտքը հակամարտությունների գոտիներ, ինչը կենսական նշանակություն ունի երեխաների պաշտպանությունն ապահովելու համար։




