ԿարևորՄշակույթ

Վերջին հրաժեշտը՝ Երվանդ Ղազանչյանին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մեր պապին. հենց այսպես էին  Երվանդ Ղազանչյանին դիմում իր հարազատ թատրոնում: Դերասան Արթուր Կարապետյանը ասում է, որ չնայած չէր սիրում, երբ  իրեն այդպես էինք  դիմում, բայց ամեն անգամ լսելիս միշտ մեղմ ժպտում էր:

«Ինքը միշտ ասում էր, որ անփոխարինելի ոչ-ոք չկա, բայց կան անկրկնելի մարդիկ: Ինքը մեր թատրոնի համար անկրկնելի էր: Եթե փորձի ժամանակ ինքը ինչ -որ մեկի վրա բարկանում էր, ավելի լավ է այդ մարդը թատրոն չմտներ, բայց դա տևում էր ընդամենը մի քանի վայրկյան, հաջորդ պահին մոռանում էր, ոնց որ ոչինչ չէր եղել»:

10 օր առաջ էր եկել թատրոն, ցանկանում  էր նոր գործ բեմադրել: Հանձնարարականը տրված էր, բայց  մնաց  դարակում:

Թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն ասում է՝  Կոմեդիայի թատրոնը ասոցացվում էր  հենց Ղազանչյան անվան հետ, ու այսօր դժվար է հավատալ, որ նրա հումորներն ու ժպիտը այլևս չեն հնչելու այս պատերի ներքո: Նա հումորի մեծ վարպետ էր, անգամ դիտողությունն էր այնպես անում, որ դիմացինը շնորհակալություն էր հայտնում: Նա մեծ հայ էր,  ում համար ազգայինը վեր էր ամեն ինչից:

«Հասկանում եմ ինչ կորուստ ունենք, ու ինձ թվում է միայն Պարոնյան թատրոնը չէ, այլ հայ ժողովուրդը կորուստ կրեց: Ղազանչյան մարդը ոչ միայն բեմադրիչ էր, ուսուցիչ էր, այլ հայի տեսակ էր: Ամեն առիթով  հատկապես երիտասարդներին ասում էր, Ձեր տեսակը, հայի տեսակը պահեք»,- ասում Շահբազյանը:

Ավագ ընկեր, ճանապարհի ընկեր, թատրոնի ընկեր ու այսպես ընկերների շարքը  կարող է  լինել շարունակելի:  Արմեն Էլբակյանը հիշում  է  Ղազանչյանի հետ անցկացրած տարիները:

«Ղազանչյանը միավորեց անցյալն ու ներկան և փորձեց ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը դառնա թատերական և մշակութային երկիր: Նա իր ամբողջ ստեղծագործական կյանքում ամեն ինչ արեց, որպեսզի ամբողջ Հայաստանով մեկ տարածվի թատերական մշակույթը, թատրոնը, որը խիստ կարևոր է մարդու կյանքում: Նա ամեն ինչ արեց ազգային մշակույթը բարձրացնելու համար բեմ և փոխանցելու մեր ժողովրդին: Այս ժամանակաշրջանում նման մարդկանց կարևորությունը ավելի ու ավելի ենք զգում»:

ՀՀ  նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով բարեկամական հարաբերություններ ուներ Ղազանչյանի հետ, ասում է, որ վերջին անգամ նրան տեսել է մի քանի օր առաջ հիվանդանոցում, բայց  անգամ այդ վիճակում չէր կորցրել լավատեսությունն  ու հումորի զգացումը:

«Մեծ կորուստ էր, քանի որ մենք շատ  բարեկամական ջերմ հարաբերություններ ունեիք: Ղազանչյանի դերակատարությունը  թատրոնի զարգացման գործում ես   շատ  մեծ եմ գնահատում: Մի քանի օր առաջ գնացել էի հիվանդանոց զրուցեցինք, տրամադրությունը բարձրացավ, հումորներ արեցինք: Իսկապես ինձ համար շատ մեծ կորուստ էր»:

Իսկ արդեն թատրոնի հանդիսատեսին էր նայում  նրա  մեծադիր ժպտացող լուսանկարը:  Անկյունում նրա  ընկերներն  ու կոլեգաները հիշատակի խոսք էին ասում:

Վերջին անգամ էլ  հանդիսատեսը Երվանդ Ղազանչյանին բեմից ճանապարհեց ծափերի ներքո:

Կարդացեք նաև

Back to top button