
«Սանիթեք» ընկերության ասուլիսը կայացավ Երևանում, սակայն առանց սեփականատիրոջ՝ Նիկոլաս Թավիլի: Նա Վրաստանից տեսակամուրջով կապվեց լրագրողների հետ: Պատճառաբանությունը մեկն է՝ «Սանիթեքը» շարունակում է ենթարկվել ագրեսիվ վարչական հետապնդումների:
Դրանցից մեկը 2019 թվականի փետրվարին հարկերից խուսափելու հիմքով ՊԵԿ-ի կողմից հարուցված քրեական գործն է: Քանի որ ընկերության ներկայացուցիչները հարուցված գործը համարում են ապօրինի, մտավախություն ունեին, որ տնօրենի ՝ Երևան այցելության դեպքում նույն գործողությունները կշարունակվեն:
«Որևէ մեղադրանք որևէ անձի նկատմամբ մեզ չեն հայտնել: Հաշվի առնելով անօրինական հարուցված քրեական գործը, չի բացառվում որ քրեական գործի հարուցման պայմաններում լինեն նաև ապօրինի գործողություններ»,- ասել է ընկերության իրավաբան Արմեն Հարությունյանը:
Չնայած այս ամենին՝ ընկերությունը պատրաստ է նորից ներդրումներ իրականացնել: Խոսքը 4 մլն դոլար ներդրման մասին է, որի արդյունքում ձեռք կբերեն նոր աղբատար մեքենաներ, աղբամաններ, կզարգացնեն Նուբարաշենի աղբավայրի ենթակառուցվածքները և այլն:




