
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել` հայտարարելով. «Կանանց դեմ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի» ԵԽ կոնվենցիայի կամ, այսպես ասած, Ստամբուլյան կոնվենցիային ինքը դեմ է:
«Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստին չեմ մասնակցել եւ չգիտեմ, թե ինչ մանրամասներ են խոսվել ՀՀ արդարադատության նախարարի հետ «Կանանց դեմ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի» ԵԽ կոնվենցիայի կամ, այսպես ասած, Ստամբուլյան կոնվենցիայի մասին: Ի սկզբանե հայտնել էի դիրքորոշումս, որ սկզբունքային անհամաձայնություններ ունեմ կոնվենցիայի որոշ դրույթների հետ: Իհարկե, բռնությունն անընդունելի է, եւ ես իմ կյանքի մեծ մասը պայքար եմ տարել բռնության ամենատարբեր դրսեւորումների դեմ: Շատ հաճախ զրկանքների գնով լրագրության տարիներին պայքարել եմ մարդկանց իրավունքների պաշտպանության համար: Բայց այս կոնվենցիայի մեջ կան դրույթներ, որոնք ինձ պարտադրում են եւս մեկ անգամ հայտարարելու, որ հայկական ավանդական ընտանիքը, Հայ առաքելական եկեղեցին եւ ազգային պետությունը անփոխարինելի արժեքներ են ինձ համար»,- հայտարարել է պատգամավորը:
Վերջինս հավելել է. «Իհարկե, փաստարկները բազմաթիվ են, միայն մի մեջբերում անեմ. կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն կանանց եւ տղամարդկանց վարքագծի սոցիալական եւ մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով` այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները եւ մյուս բոլոր այն երեւույթները, որոնք հիմնված են կանանց եւ տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»»
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հայտարարել է նաեւ. «Ինչ վերաբերում է խտրական վերաբերմունքին եւ բռնությանը, ապա եւս մեկ անգամ ընդգծում եմ, որ դեմ եմ բռնության ցանկացած դրսեւորմանը, հատկապես` կանանց նկատմամբ, եւ արձանագրում, որ ոչ ոք մեզ չի խանգարում մեր օրենսդրությունը է՛լ ավելի բարելավել եւ ապահովել պատժիաներկբա կիրառումը ցանկացած բռնարարքի դեմ` իսպառ վերացնելով անպատժելիության ցանկացած դրսեւորում: Մեր ջանքերը պետք է այս ուղղությամբ գործադրենք»:
Հ. Գ. Պատգամավորը վերջում հիշեցրել է, որ Եվրամիության անդամ 11 երկիր չի վավերացրել այս կոնվենցիան:




