
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Օրեր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) աննախադեպ որոշում կայացրեց 1.5 միլիոն եվրոյի փոխհատուցման վերաբերյալ: Գործն առնչվում էր «պետության կարիքների» անվան տակ քաղաքացիների ունեզրկմանը, որին՝ տարիներ առաջ ապօրինի որոշումներով մասնակից էին դառնում նաեւ դատարանները:
Այս գործի հետ կապված կան նաեւ կառուցապատող ընկերություններից մեկի՝ Պավել Անդերսոնի աղմկահարույց վկայությունները բաժանվող կաշառքների մասին:
Այսօր կխոսենք ոչ թե կոնկրետ դեպքի, այլ՝ ընդհանրապես կոռուպցիայի եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Գրեթե պատրաստ է Հակակոռուպցիոն ռազմավարությունը, որը ենթադրում է նոր մարմինների ստեղծում ու կոշտ քայլերի կիրառում:
ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ հնարավոր որոշումները հետագայում կարող են դատավորներին պատասխանատվության կանչելու պատճառ դառնալ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հաստատում է՝ դատական օրենսգրքում փոփոխություններն արդեն արվում են, մշակված նախագիծը շուտով հանրային քննարկման կներկայացվի:

«Միջազգային դատարանների կողմից դատական ակտ կատարելու դեպքում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքում եւ կարգապահական ենթարկելու հիմքը կա, սակայն, նույնիսկ հարուցման փուլում ոչ թե պետք է ինքնաբերական բերի կարգապահական վարույթի հարուցման, այլ՝ հարուցող մարմինը ինքը պետք է գնահատի՝ տվյալ դեպքում առերեւույթ դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ կոպիտ կամ այլ միջազգային իրավունքի տերմիններ ենք դեռ մտածում մտցնել՝ այդպիսի խախտումներ եղել են, թե՞ չէ: Այսինքն՝ ինքն ընդամենը առիթ է հանդիսանալու, վարույթ հարուցողը ինքը պետք է գնահատի՝ հարուցի, թե չէ եւ վերջում ԲԴԽ-ն ինքը պետք է գնահատի՝ առկա է կարգապահական խախտում, թե չէ»:
Մեկ այլ «նորություն»-փաստաթղթի մշակումն արդեն ավարտին է մոտենում՝ մարզային քննարկումներն արդեն ավարտվել են: Խոսքը Հակակոռուպցիոն ռազմավարության եւ մինչեւ 2022 թվականը դրա իրականացման միջոցառումների ծրագրի մասին է:
Դեռ ապրիլին ԵԽԽՎ-ում այդ խնդրին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով կոռուպցիայի դեմ պայքարի գործում Եվրախորհրդի աջակցության անհրաժեշտությունը:
Կոռուպցիայի
դեմ պայքարի ոլորտում ունենք հետեւյալ պատկերը. հեղափոխությունից հետո նախկինում գործող
հակակոռուպցիոն ռազմավարության, մարմինների եւ ծրագրերի գործունեության ժամկետների
ավարտից հետո, դրանք այլեւս չգործեցին: Նոր իշխանությունը նախընտրեց գնալ
այլ ճանապարհով՝ ստեղծել նոր փաստաթուղթ:
Հունվարին այն պատրաստ
էր, բայց քաղաքացիական հասարակության մի մասը դժգոհ էր այդ փաստաթղթից: Նախագիծը երկու
անգամ դրվեց շրջանառության մեջ, այսօր արդեն պատրաստ է ամբողջովին փոփոխված Հակակոռուպցիոն
ռազմավարության նոր տարբերակը: Բոլոր քայլերին զուգահեռ արդարադատության նախարարը կարեւորում է հանրության վստահության
աստիճանը:
«Վերջնական մոդելը, որը մենք ընտրելու ենք լինելու է այն, որ աշխատակազմի մի մասը փորձառու մարդկանցից է բաղկացած լինելու, որոնք գործող կառույցներում արդեն աշխատում են, բայց որոշակի ստուգում անցնելուց հետո, եւ մնացածը՝ մենք ապավինելու ենք որոշակի վերապատրաստման կամ պատրաստման ծրագրերի վրա, որպեսզի հնարավորություն լինի նոր մարդկանց ներգրավել այդ աշխատանքում, որպեսզի այդ մարմինների որակը եւ այդ մարմինների նկատմամբ հասարակական վստահությունը լինի բարձր: Եթե տարրերից մեկն այն է, որ հասարակությունը չի ազդարարում կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ՝ իրավապահ մարմինների վստահելու-չվստահելու պատճառով, մենք այս խնդիրն էլ կլուծենք»:

Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով նախատեսվում է նոր մարմինների ստեղծում՝ վերջին փուլով կստեղծվի անգամ կոռուպցիոն դատարան, որի նախադեպը երբեւէ չի եղել Հայաստանում: Նոր ռազմավարությունից որոշակի անհանգստություններ այս պահին էլ դեռ կան:
«Վերջին ամիսներին ինձ մոտ տպավորությունն է, որ գնալով շեշտը դրվում է զուտ ֆինանսական կոռուպցիայի վրա, ինչը շատ նեղացնում է «կոռուպցիա» հասկացությունը, ինչպես նաեւ մնացած բոլոր տեսակի չարաշահումները՝ խտրականություն, պաշտոնական դիրքի չարաշահում, հետապնդումներ եւ այլն»,- ասում է Հանրային կառավարման փորձագետ Սոսի Թաթիկյանը:
Պետությունն այս փուլում նպատակ է դրել անել այնպիսի քայլեր, որ հանրությունը հնարավորինս շուտ զգա հակակոռուպցիոն պայքարի արդյունքը: Հասկանալի է, որ առաջին հերթին թիրախում են հայտնվելու հին եւ նոր պաշտոնյաները:
Օրինակ առայժմ քննարկվում է, թե նոր ձեւավորվելիք մարմիններից որ մեկում կաշխատի ասենք՝ ապօրինի գույքի բռնագանձման ստորաբաժանումը: Կան նոր այլ ծրագրեր եւս:
«Բազմաթիվ են անելիքները՝ սկսած հայտարարագրերի ինստիտուտի վերանայումից վերջացրած օրենսդրական ակտերի լրամշակմամբ: Մասնավորապես՝ նախատեսվում է բացի եկամուտների, գույքի շահերի հայտարարագրումից նախատեսել նաեւ ծախսերի հայտարարագրման ինստիտուտը, նաեւ նվերների ռեեստրի գործարկումը: Այսինքն՝ նվերների ստացման եւ հաշվարկման մեխանիզմների ներդրումը՝ կոնկրետ պաշտոնատար անձանց կողմից ստացվող նվերների մասին է խոսքը: Նախատեսվում է նաեւ իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված գործուն քայլերի ձեռնարկում»,- ասում է Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:
Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման համար պատասխանատու նախարարությունը խոստանում է՝ ռազմավարությունը չի լինելու քարացած փաստաթուղթ եւ ենթակա է անընդհատ փոփոխման:




