
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Եռաբլուր պանթոնն այսօր կեսօրին մարդաշատ էր, բայց ոչ այն պատճառով, որ որևէ հիշատակի օր էր: Կեսօրին հայտնի դարձած լուրը , որ մի խումբ անձինք պղծել են ապրիլյան հերոսների շիրմաքարերը, կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում:
ֆեյսբուքյան օգտատերերից Արմեն Եղիազարյանի հրապարակած տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են անհայտ անձինք ներկում ու վնասում ապրիլյան հերոսների շիրմաքարերը: Հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը հուզմունքից չէր կարողանում շարադրել մտքերը:
«Չեմ պատկերացնում, թե ով կարող էր գնալ նման սրբապղծության, քանի որ այստեղ ննջողներից ոչ ոք թշնամի չունի», -ասում է Ուրֆանյանի մայրը:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է շիրմաքարերը պղծելու դեպքով:
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի կարծիքով՝ սա պարզապես ծրագրված գործողություն է:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը էլ տեղեկացրեց, որ գերեզմանաքարերն ամբողջովին կմաքրվեն և կվերականգնվեն, իսկ հսկողությունը կխստացվի:
Նշենք, որ նման դեպքեր տեղի են ունեցել նախ Նուբարաշենի, ապա Չարենցավանի գերեզմանատանը։ Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում դեպքի առթիվ գրառում էր կատարել՝ նշելով, որ այնտեղ, հավանաբար, սատանայապաշտական ծեսեր են իրականացրել։ Դատապարտող հայտարությամբ հանդես է եկել խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ կոչ անելով իրավապահներին օպերատիվ բացահայտել տեղի ունեցածն ու օրենքի ողջ խստությամբ պատժել «ներքին դավաճաններին»:




