
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
«Տիգրան Մեծ» օպերան խենթ նախաձեռնություն է, և անկախ պետական աջակցություն ունենալու- չունենալու հանգամանից՝ տարիների երազանքն իրականություն ենք դարձնելու, հայտարարել է Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը: Առաջին անգամ օպերան բեմադրվելու է Հայաստանում: Նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են, ներկայացումը, սակայն, հանդիսատեսի դատին կհանձնվի հաջորդ տարի: Բարոկկո ոճում ներկայացվող օպերայի բեմադրության համար հրավիրվել են սփյուռքահայ երաժիշտներ:
Հայոց արքա Տիգրան Մեծին նվիրված շուրջ 40 օպերա է հայտնի, որոնցից 24-ում ներկայացվում է արքայի կերպարը: Սակայն դրանցից ոչ մեկը Հայաստանում չի բեմադրվել: 400 տարի անց Պետական ֆիլհարմոնիան է որոշել այն բեմադրել Հայաստանում՝ արքայի հայրենիքում: Տիգրան Մեծին նվիրված օպերաների հեղինակներ են Վիվալդին, Հասսեն, Գլյուկը: Սակայն որոշվել է Հայաստանում բեմադրել Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերան, քանի որ մյուս կոմպոզիտորների գործերում եղել են որոշակի բացթողումներ, ամբողջական գործերը չեն գտնվել, հաճախ չեն տպագրվել՝ ասում է Ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը: Իսկ Հասսեի օպերան Գերմանիայում ձեռք է բերել Ասատուր Բալջյանը՝ ասում է Ֆիլհարմոնիայի տնօրենը:
« Առաջին բանը, որ ես Ասատուրին ասել եմ, այն է, որ դա պետք է ներկայացվի օպերայում: Մենք, էթիկայի բոլոր պայմանները պահանելով, դիմել ենք Օպերայի տնօրինությանը, սակայն տնօրինությունը երկու ամիս հետո պատասխանեց, որ ժամանակը չի բավականացնում: Սակայն մենք որոշեցինք, որ անելու ենք»,-ասում է Հայաստանի Ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը:
Նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են մայիսին, Գառնիի հեթանոսական տաճարում: Օպերան այսքան տարի չբեմադրելու պատճառներից մեկը, ըստ Գագիկ Մանասյանի, գուցե երաժշտությունն է: Սակայն Հայաստանի երաժշտաշխարհի ներկայացուցիչներն այլ կարծիքի են եղել:
« Երբ հայտարարեցինք աշխատանքների մեկնարկի մասին, այնպես էինք կազմակերպել, որ այդտեղ հնչի նաև Օպերայից հատվածներ: Մի քանի արիաներ կատարվեցին այդ օրը, և Հայաստանի երաժշտական աշխարհը համոզվեց, որ այդ օպերան գրված է բարձր երաժշտական մակարդակով և արժանի է պատշաճ ներկայացման»:

Բարոկկո ոճում գրված օպերան բեմադրելով Հայաստանում՝ հայ ժողովուրդն իր պարտքն է վերադարձնելու հայոց թագավորին, որն առաջին անգամ կառուցեց ամենամեծ, ամենահզոր հայոց պետությունը: Թեև չունեն որևէ ֆինանսավորում, սակայն Ֆիլհարմոնիայի տնօրենը լիահույս է, որ տարիների երազանքը կարողանալու է իրականացնել:
«Ես լիահույս եմ, որ մենք այս օպերան պետք է անենք: Ես առաջին անգամ նույնիսկ երդվել եմ, որ սա անելու եմ: Դա իմ համար դարձել է ճակատագիր, դա իմ համար դարձել է ապրելու, ստեղծագործելու ձև: Չի եղել գեթ մի մարդ, ում հետ խոսվի օպրեայի բեմադրության մասին և նա ոգևորություն չապրի: Տիգրան Մեծը նստած է յուրաքանչյուրիս մեջ»:
Երազանքն իրականացնելու համար Հայաստան են հրավիրվել բարոկկո ոճում մեծ փորձառություն ունեցող լիբանանահայ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանն ու Մոսկվայի Նատալյա Սացի անվան պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանը: «Տիգրան Մեծ» օպերայի գլխավոր դիրիժորը վաղն արդեն կընտրի երգիչներին: Երաժիշտները կընտրվեն Հայաստանից, թե կհրավիրվեն արտերկրից՝ Փեհլիվանյանը դեռ հստակ չգիտի;
« Կարծեմ թե երաժիշտները պետք է ընտրվեն Հայաստանից: Այն երիտասարդներից, ովքեր հետաքրքված են բարոկկո ոճով»:
3,5 ժամ տևողությամբ օպերան, «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրիչ Գեորգի Իսահակյանի խոսքով՝ կրճատելու են, քանի որ այն լինելու է բացօթյա ցուցադրություն:
« Մենք պետք է հասկանանք Գառնիի յուրահատկություններ, սակայն պետք է հաշվի առնենք նաև այնտեղ հասնելն ու վերադառնալը: Դրա համար մենք 2
ժամ,2,20 րոպեից չենք անցնի: Սակայն հետագայում փակօթյայի դեպքում միգուցե մտածենք նույն ժամանակը պահպանելու մասին»:
Քանի որ բարոկկո ոճի համար Հայաստանում
չկան համապատասխան
միջավայր ու երաժշտախումբ, ապա «Տիգրան Մեծ» օպերան կարող է դառնալ բարոկկո երաժշտության
տարածման և զարգացման հիմնաքարը՝ վստահ է Ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը: «Մեցցոյի» հայկական գործակալության հետ, ի դեպ, ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, որ «Տիգրան Մեծը» նկարահանվի և ներկայացվի նաև որպես ֆիլմ-օպերա:




