
Հայաստանում բարձրացվել է միջուկային անվտանգության մակարդակը։ JAMnews-ը, վկայակոչելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետների կողմից Հայկական ատոմակայանի մոնիթորինգի արդյունքները, գրում է, որ ըստ նախնական տվյալների՝ ատոմային անվտանգության մակարդակը Մեծամորում 4 բալանոց սանդղակով 3,82 բալ է գնահատվում։
ՄԱԳԱՏԷ-ի առաքելության մոնիթորինգն անցկացվել է Հայաստանի կառավարության և Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի հրավերով։ Դրա նպատակը կազմակերպության առաջարկների և խորհուրդների կատարման որակի ստուգումն էր։
Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, Հայաստանը բարելավել է միջուկային և ռադիացիոն անվտանգության կարգավորումը։ Դրա համար, ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների գնահատականով, Հայաստանը 2015 թ-ից մի շարք կարևոր քայլեր է իրականացրել, մասնավորապես,
• մշակված ատոմային վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման ռազմավարություն է ընդունել,
• վթարներին պատրաստվածության և հակազդեցության մակարդակի ոլորտում ինտենսիվ տեսչական ստուգումներ է իրականացրել։
Մոնթորինգային խմբում ներառված էր 12 մասնագետ տարբեր երկրներից, որոնցից երեքը ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներ էին։
Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը հայտարարել է, որ միջուկային անվտանգության 3,82 բալը հնարավոր չորսից՝ բարձր մակարդակ է։
Սակայն, չնայած դրան, ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունն, ինչպես հաղորդել է Մարտիրոսյանը, մի շարք առաջարկներ է արել կարգավորող մարմնի ենթակառուցվածքի էլ ավելի բարելավման ուղղությամբ։
Վերջերս ՄԱԳԱՏԷ-ի թիմը հաղորդագրություն է հրապարակել , որում անդրադարձել է երկրում առկա խնդիրներին։
Զեկույցում, մասնավորապես, խոսվում է այն մասին, որ Հայաստանում միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնում որակավորված և փորձառու աշխատակիցների պակաս է զգացվում։
«Հայաստանը զգալի առաջընթաց ունի անվտանգության քաղաքականության ու ռազմավարության հարցում։ Այնուամենայնիվ, կարգավորող մարմինը բախվում է մարդկային ռեսուրսների հետ կապված կրիտիկական իրավիճակի», – նշել է Օրենսդրության վերանայման ինգեգրացված ծառայության թիմի ղեկավար, Ատոմային անվտանգության շվեյցարական դաշնային տեսչության գլխավոր տնօրեն Հանս Վաները։




