
Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը «Սանիթեք»-ի ղեկավարությանը կոչ է անում հրաժարվել Թբիլիսիում ասուլիս հրավիրելու մտադրությունից: Անհասկանալի որոշում ու վատ նախադեպ՝ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսպես է բնորոշել «Սանիթեք»-ի ղեկավարների որոշումը և նկատել, որ Երևանի աղբահանության խնդիրները Թբիլիսիում քննարկելը որևէ հիմնավոր բացատրություն չունի:
«Հարևան պետության տարածքում նման քննարկում իրականացնելը, կարծում ենք, ուղղակիորեն ազդելու է Երևանի հեղինակության վրա: Մենք կոչ ենք անում «Սանիթեք»-ի սեփականատերերին, ղեկավարությանը զերծ մնալ այդ քայլերից, որովհետև դրանով վտանգավոր նախադեպ ենք ձևավորում»:
Վաղը՝ հուլիսի 31-ին «Սանիթեք» ընկերության ղեկավարները մամուլի ասուլիս են նախատեսում Թբիլիսիում: Թե ինչու Թբլիլիսիում, ընկերությունից դեռ չեն մանրամասնել, նշել են, որ հարցի պատասխանը կտրվի հենց ասուլիսի ժամանակ:
Ասուլիսին մասնակցելու են «Սանիթեք»-ի սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Թավիլը և երկրորդ սեփականատիրոջ ներկայացուցիչ Սարի Հադդադը: Նշվել է, որ ընկերության ղեկավարներն ամփոփելու են 2014-ից «Սանիթեք»-ի գործունեւությունը Հայաստանում, պատասխանելու են ընկերությանն ուղղված մեղադրանքներին:
Հանրությունը սպասում է ոչ թե «Սանիթեք»-ի պարզաբանումներին, այլ աղբահանության խնդրի լուծմանը՝ այսօր ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը.
«Մի պայմանագրի փոխադարձ համաձայնությամբ լուծարումը եւ նոր օպերատորի ներգրավումը տասն ամիս առաջ եղել է իրատեսական: Այսօր արդեն, այդ փոխադարձ հրաձգությունների հետեւանքով մենք տեսնում ենք, որ կազմակերպությունը հակված չէ որեւէ քննարկում ունենալու»:




