ԿարևորՀասարակություն

Ոչ մրցակցային գնումներն ավելացել են

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Այսօր ներկայացվել են  պետգնումների մոնիտորինգային հաշվետվության 1-ին կիսամյակի արդյունքները: 2018 թվականի առաջին կիսամյակում 149 միլիարդ դրամի պետական գնում է իրականացվել, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը 143  միլիարդ է: 

«Պետական գնումների միտումները 2018-2019 թթ. երկրորդ եռամսյակում» թեմայով  քննարկման ժամանակ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը մտահոգիչ է համարել  ոչ մրցակցային գնումների աճը: Ըստ հաշվետվության՝ գնումների մեծ մասը բաժին է ընկնում  ուժային կառույցներին:

2019 թվականին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  կիսամյակային ցուցանիշներով պետական գնումներում ունեցել ենք 6 միլիարդ դրամի խնայողություն։ Պետգնումների մոնիտորինգային հաշվետվության 1-ին կիսամյակի արդյունքները ներկայացնելով՝ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը հայտնեց, որ առաջին եռամսյակում գերազանցել ենք նախորդ տարվա ցուցանիշը, բայց 2-րդ եռամսյակում նախորդ տարվա համեմատությամբ խնայել ենք 23 մլրդ դրամ:

Այս տարի ևս հիմնական պատվիրատուներն են եղել Առողջապահության նախարարությունը, Պաշտպանության Նախարարությունը, Ոստիկանությունը, Հանրային հեռուստառադիուընկերության խորհրդի աշխատակազմն ու ՊԵԿ-ը, Երևանի քաղաքապետարանը:  Արմենուհի Բուռնազյանն անդրադարձավ նաև մեկ ընկերությունից կատարված պետական գնումներին։ Ըստ այդմ՝ 2019 թ. առաջին կիսամյակի տվյալների՝ ոչ մրցակցային գնումները կազմել են ընդհանուրի  71%-ը, մինչդեռ 2018 թվականի առաջին կիսամյակում այն կազմել է 55%:

«Մոտավորապես 20 տոկոսով կիսամյակային տվյալներով  ոչ մրցակցային գնումներն ավելացել են: Սա իհարկե մտահոգիչ ցուցանիշ է: Ոչ մրցակցային գնումների մեջ մոտավորապես 59 տոկոսը իրականացվել է օբյեկտիվորեն, 41 տոկոսը՝ ոչ օբյեկտիվ հիմքով: Այսինքն՝ այլընտրանքը եղել է, սակայն կիրառվել է մեկ անձից ընթացակարգը»:

Բավականին շատ է ծախսվել սննդամթերքի վրա, հիմնական պատվիրատուն  պաշտպանության նախարարությունն է: Ձեռք է բերվել մեծ քանակությամբ կաթնամթերք ու մսամթերք:

Գնումներն իրականացվել են հրատապ կարգով, մեկ անձ սկզբունքով: Խոշոր ծավալի գնումներ են կատարվել նաև Երևանի քաղաքապետարանի և Ազգային ժողովի կողմից:

«Տեսնում ենք բազմաթիվ ժամացույցների, խմիչքների, հուշանվերների գնում, որը ևս իրականացվել է ոչ մրցակցային եղանակով: Պաշտպանության նախարարությունը ևս ոսկերչական գործարանից հուշանվերներ է ձեռք բերել և ծախսել է 5,8 մլն դրամ:  Ոստիկանությունն էլ 5,3 մլն դրամի խմիչքներ է ձեռք բերել»:

Խոշոր գումարներ են ծախսվել նաև սարքավորումների վրա: Խոշորագույն պայմանագիրը կնքել է Ազգային ժողովը, ձեռք են բերվել անվտանգության սարքեր, որոնք արժեցել են 85 մլն դրամ: Սարքերն իրականում կարելի էր ձեռք բերել մրցակցային հիմունքներով և գումար տնտեսել, սակայն ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունեցել, ինչը շատ կասկածելի է «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի» համար: Բավականին խոշոր գնումներ են կատարել նաև տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտի նախարարությունը, Հայաստանի ատոմակայանը:

Պետական գնումների ոլորտը  հանրային  ֆինանսական միջոցների  ստվերային  օգտագործման ամենահարմար  հարթակն է,  և դա է պատճառը, որ տարիներ շարունակ այս խնդիրը չի կարգավորվում, ոչ մրցակցային գնումները չեն պակասում, «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Տնտեսագետը վստահ է, որ խնդիրը կլուծվի միայն վերահսկողական մեխանիզմների կիրառման ու օրինախախտների պատժման դեպքում:

Կարդացեք նաև

Back to top button