
Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որով տեղեկացրել է, որ շուրջ 50 փաստաբան պատրաստակամություն է հայտնել ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։
Չենք լռել նախկինում, չենք լռելու հիմա՝ գրել է փաստաբանը` հիշեցնելով տարիներ առաջ ի պաշտպանություն դատավորի փաստաբանների նախաձեռնած ակցիայի մասին:
«Հեռավոր կամ ոչ այնքան 2011 թվականին, առանց Վճռաբեկ դատարանի «դաբրոյի» դատավոր Սամվել Մնացականյանը մի մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել էր թույլատրելի։ Ու չնայած այն հանգամանքին, որ այդ որոշումը մնաց ուժի մեջ, այնուամենայնիվ Արման Մկրտումյանը հասավ նրան, որ Սերժ Սարգսյանը դադարեցնի այդ դատավորի լիազորությունները։
Հայաստանի շուրջ 100 փաստաբանների կազմակերպած բողոքի ակցիայով մենք հասանք նրան, որ իշխանություններն այլևս նման «պատժիչ» գործողության չգնացին», — գրել է Վարոսյանը։
Հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։
Բարձրագույն դատական խորհուրդը, 2019 թվականի հուլիսի 26-ին քննելով միջնորդությունը, լսելով ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․ Հարությունյանին, այնպես էլ դատավոր Դ․ Գրիգորյանին, որոշել է ներկայացված միջնորդությունը երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով՝ մերժել։ Որոշումը հրապարակվել է 2019թ. հուլիսի 27-ին։ Ելնելով վերոգրյալից՝ օրենքի ուժով կասեցվել են նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։




