Սպառողների ասոցիացիան ձվի եւ ձկան գների բարձրացում է արձանագրել


Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Զատկի տոնի նախօրեին Սպառողների ասոցիացիան ուսումնասիրել է ձվի շուկան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը հայտարարել է, որ 50-60 դրամ արժողությամբ ձուն այս օրերին վաճառվում է 70-76 դրամով:
Առաջիկա օրերի համար նա կանխատեսել է շուրջ տասը տոկոսի թանկացում նաեւ Զատկի մյուս մթերքների՝ կանաչու, բրնձի, չամիչի և այլ շուկաներում:
«Թանկացումներն ակնհայտ են, իսկ պատասխանատու կառույցները խուսափում են պատասխանատվությունից: Համապատասխան կառույցները հետևողականություն չեն ցուցաբերում, պատժելու լծակներն էլ չեն օգտագործում, նաև խուսափում են մամուլի հետ շփումներից»,- հայտարարել է Պողոսյանը:
Արմեն Պողոսյանն այսօր նշեց, որ մի կողմից սննդամթերքի շուկայում գնաճ է արձանագրվում, մյուս կողմից՝ սննդի որակն է ընկնում: Բանը հասել է նրան, որ Սպառողների ասոցացիան պատրաստվում է դիմել ՀՀ նախագահին կից վերահսկողության ու Սննդի պետական ծառայություններին` խնդրելով վերացնել բացահայտ ու թաքնված գնաճը հատկապես հացի ու շաքարավազի շուկայում։
Սպառողների շահերի պաշտպանի կարծիքով` հնարավոր չէ ամբողջապես զսպել թանկացումը, բայց չպետք է թույլ տալ, որ դա ազդի սպառողների շահերի վրա։ Պողոսյանը համոզված է, որ թանկացման հիմնական պատճառները վերավաճառքն ու հարկային դաշտում եղած խնդիրներն են։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր վերահակողության տակ գտնվող խոշոր առևտրի կետերում նկատել է ձվի մինչև 3 դրամի թանկացում, ձկան շուկայում` մինչև 50 դրամի թանկացում։ Հանձնաժողովը կանաչեղենի շուկան չի վերահսկում, իսկ բրնձի գնում փոփոխություն չի նկատել: Միաժամանակ՝ ՏՄՊՊՀ-ն սկսել է ամենօրյա մոնիթորինգներ անցկացնել` նպատակ ունենալով վերահսկել ձվի շուկան՝ Զատկի նախօրեին հնարավոր թանկացումները կանխելու համար` վստահեցնելով, որ կպատժվեն բոլոր այն խոշոր տնտեսվարողները, որոնք կդիմեն չհիմնավորված թանկացումների:
Այսինքն` դուրս է գալիս, որ սպառողների շահերի պաշտպանների եւ ՏՄՊՊՀ-ի դիտարկումները հերթական անգամ տարբերվում են միմյանցից: Համենայն դեպս՝ հանձնաժողովի նոր դիտարկումները կարող են հաջորդել թանկացումներին, երբ արդեն սպառողի գրպանին հերթական հարվածը հասցված կլինի: