
«Ավրորա» մրցանակի դափնեկիր, ամերիկացի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Թոմ Քաթինային կփոխարինի ԵՊԲՀ շրջանավարտ, Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի երիտասարդ բժիշկ Արմեն Մկրտչյանը: Այս մասին տեղեկացնում է «Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոց»-ի ֆեյսբուքյան էջը։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խորհրդի անդամ Արման Ջիլավյանը նամակ է գրել Գյումրու «Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն Աշոտ Կուրղինյանին, որում մասնավորապես ասված է.
««Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոց»-ի բժիշկ Արմեն Մկրտչյանը, հավատարիմ բժշկի եւ մարդու իր առաքելությւանը, նախնական համաձայնություն է տվել մեկնել Սուդան եւ փոխարինել բժիշկ Քաթինային՝ օգնելու պատերազմից կեղեքվող Նուբայի բնակչությանը, այդ թվում՝ երախաներին: Հաշվի առնելով, որ բժիշկ Արմեն Մկրտչյանն աշխատում է Ձեր հիվանդանոցում, հայցում ենք Ձեր աջակցությունը՝ նրան Սուդան գործուղելու եւ մարդասիրությունը գործ դարձնելու համար»,- ասված է նամակում:
Թոմ Քաթինային փոխարինելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ վերջինս որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, սեպտեմբերին պետք է ժամանակավորապես լքի Սուդանի Նուբա լեռները, որպեսզի կատարի նախաձեռնության նախագահի իր պարտականույթունները, պայման-խնդրանքով, որ «Գթության մայր» հիվանդանոցում իրեն փոխարինեն այլ բժիշկներ:





