
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Սեփականության իրավունքի խախտման հիմքով ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի 10-ից ավելի վճիռներ է կայացրել: Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները պետությունից արդեն ստացել են 324 հազար 581 եվրոի հասնող փոխհատուցում: Եվրոպական դատարանի վերջին որոշումը աննախադեպ էր գումարի չափով:
83-ամյա քաղաքացի Յուրի Վարդանյանը պետք է ստանա 1,6 միլիոն եվրո փոխհատուցում: 2004-ին նրան ապօրինաբար զրկել էին Բյուզանդի 13 հասցեում գտնվող 1385 քմ տարածքով սեփականությունից: Այս փոխհատուցման ծավալը գերազանցում է նախկինում կայացված բոլոր վճիռների հանրագումարը:

Որպես վերջին ատյան Եվրոպական դատարանում արդարություն փնտրող Հյուսիսային պողոտայի եւ Բյուզանդի փողոցի նախկին բնակիչները գիտակցում են, որ փոխհատուցումը չեն ստանում իրենց դժբախտությունների իրական մեղավորներից: Սա հարցի կարեւորագույն կողմերից մեկն է՝ բարոյականը, որի վրա երեկվանից սեւեռված են քաղաքացիներից շատերն ու ինչի մասին մեզ հետ զրույցում ակնարկեց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:
«Նրանք թալանեցին, գողացան, իսկ այսօր հարկատուները, շարքային քաղաքացիները պետք է այդ թալանչիների լափածը փակեն իրենց հաշվին: Պետության կարիք գոյություն չուներ: Սեփականատերերի ձեռքից առավ, տվեց մեկին, որը այդտեղ շենք կառուցեց եւ փող աշխատեց: Դա ոչ մի կարիք չէր պետական»:
«Օտարման գոտու» մութ պատմությունները հանրայնացվեցին մի քանի տարի առաջ, երբ կառուցապատող ընկերություններից մեկի ղեկավարին ձերբակալեցին, գործընկերն էլ հասցրեց հեռանալ Միացյալ Նահանգներ:
Արդեն այնտեղից Պավել Անդերսոնը սկսեց աղմկահարույց հայտարարություններ անել՝ իր տված կաշառքների, դրանց չափերի, ապօրինի գործարքների եւ անգամ պաշտոնատար անձանց մասին: Դեռեւս 2012 թվականին «Skype»-ի միջոցով «Հետք»-ին տված հարցազրույցում Պավել Անդերոսը հստակ հայտարարում էր.
«Ես գումարներ տվել եմ միջնորդավորված եւ ուղղակի: Հարյուր հազարներով՝ դոլարներով, իհարկե, Հայաստանում հողատարածքներ ստանալու համար: Այն ժամանակ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, վարչապետը՝ Անդրանիկ Մարգարյանը, քաղաքապետը՝ Երվանդ Զախարյանը: Նրանք, պայմանավորվածության համաձայն, գումարները վերցնելով այդ հողերը բաժանել են ինչ-որ կազմակերպությունների»:
1 միլիոն 600 հազար եվրո փոխհատուցում ստանալու վճռին հասած Յուրի Վարդանյանն այսօր պատկառելի տարիքի է: 83 տարիներից 15-ը ապրեց՝ զրկված հայրական տանից, բայց ոչինչ չկանգնեցրեց նրան արդարության հասնելու ճանապարհին: Յուրի Վարդանյանն ու Սեդրակ Բաղդասարյանը ժամանակին հարեւաններ էին:
«Վարդանյան Յուրան պրոֆեսոր մարդ է: Այսօր 83 տարեկան է, նրա կյանքից անհասկանալի ժամանակ կորավ: Գիտությամբ զբաղվելու փոխարեն 15 տարի քաշքշուկների մեջ էր, որ պապական սեփականությունը պաշտպանի: «Վիզկոն» ՍՊԸ-ն այդ տարածքը քանդեց, իրացրեց, փոսը փորեց, եւ 7 տարի այդտեղ աղբանոց էր: Այսինքն՝ պետական կարիքը վերածվեց աղբանոցի: Կառավարությունը 9 տարի հետո ճանաչեց, որ Բյուզանդի փողոցի այդ հատվածը իր կողմից ձախողվել է: Մեկ ուրիշ կառուցապատողի գտավ, որը այդտեղ շենք կառուցեց՝ 14-16 հարկանի, 6 մասնաշենքով: Դուք չեք պատկերացնում, թե դատարաններում ԾԻԳ-ի ներկայացուցիչները ինչ լկտի էին խոսում եւ ասում՝ այդտեղ պետք է կառուցվի էլիտար շենքեր էլիտար մարդկանց համար, մենք այդ էլիտար մարդկանց շրջանը չենք մտնում եւ մենք նրանց համար տարածքը զբաղեցնող անձինք էինք: Ինչպես գրված էր դատարանների որոշումներում»:

Յուրի Վարդանյանի հետ առաջին հանդիպումն, ի դեպ, լավ է հիշում Պավել Անդերսոնը: Դեռ 2012-ին պատմում էր, թե ինչպիսի խորհուրդներ է ստացել «Յուրի Վարդանյան» անունով խնդրից ազատվելու համար.
«2005 թվականի երկրորդ կեսին, եթե չեմ սխալվում, Յուրի Վարդանյանը եկավ մեր գրասենյակ եւ ներկայացրեց հողի սեփականության վկայականը: Գնահատվում էր 1 միլիոնից ավելի գումար: Մեզ մոտ այդ գումարը նախատեսված չէր իրացման համար, քանի որ ինձ ասել էին որ նա չի ունենալու սեփականության վկայական: Տալիս են ինձ 5 հազար դոլար, ասում են՝ կարո՞ղ ես սա տանել դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որպեսզի այդ սեփականության վկայականը ճանաչի անվավեր»:
Առաջին տարիներին, երբ շրջանառության մեջ մտավ «պետության գերակա շահ» հասկացությունը, գործող իշխանություններն ամեն ինչ անում էին կառավարության որոշումներով: Սա էլ խոցելի դարձրեց իրենց գործունեությունը՝ ճիշտ է ժամանակավորապես: 2006-ին արդեն այն ժամանակվա իշխանությունն ընդունեց օրենք «Բացառիկ գերակա հանրային շահի» մասին՝ դրանով ապահովագրվելով նոր եւ հետագա բողոքներից:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյան.
-Որոշումներով էին կատարում այս գործընթացը: Սեփականության օտարումը ընդունվում է Եվրոպական դատարանի կողմից, դա կարող է արվել միայն օրենքի հիման վրա: Բայց քանի որ այն ժամանակ օրենքը չի եղել, ապա այդ բոլոր գործերը դատարանն ընդունեց վարույթ: Հետագա գործընթացները՝ 2007-2008 թվականներին, թեկուզ հիմա՝ կառավարությունն այդ օրենքն ընդունելով ապահովագրեց իրեն, որ քաղաքացիներն այլեւս չկարողանան մտնել Եվրոպական դատարան:
-Փաստորեն սկզբնական շրջանի տուժածները հնարավորություն կունենան դիմել:
-Այո, ոչ թե կունենա, այլ՝ այն քաղաքացիներն, ովքեր մինչեւ 2006 թվականն ընկած ժամկետը պայքարել են իրենց իրավունքների համար, նրանք հնարավորություն ունեցել են դիմել Եվրոպական դատարն: Ընդ որում ասեմ՝ ոչ բոլորը մտան դատարաններ: Շատերին վախեցնում, ահաբեկում էին:
Այսօր արդեն Յուրի Վարդանյանին առնչվող ՄԻԵԴ-ի դատավճիռը նոր առիթ է՝ հիշելու Պավել Անդերսոնի հայտարարություններն ու մեղադրանքները: Քաղաքական եւ վերլուծական շրջանակի մի մասը ենթադրում է, որ այս ամենը նոր զարգացումների հիմք կարող է դառնալ՝ նաեւ քրեական գործերը վերաբացելու կամ նորերը հարուցելու համար: Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն արդեն հորդորում է իրավապահ մարմիններին կոնկրետ հրապարակումներն ընդունել որպես հրապարակային հաղորդում ենթադրյալ հանցագործության մասին եւ իրականացնել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն նշված փաստական հանգամանքների առչությամբ:




