ԿարևորՀասարակություն

Ուսուցիչների կրճատումը՝ կեղծ օրակա՞րգ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

10 000 ուսուցիչ կրճատելու վերաբերյալ քննարկումները չեն դադարում: Չեն դադարում նաև պատկան մարմինների հերքումները: Սա ընդամենը կեղծ օրակարգ բերված հարց է, «Ռադիոլուր»-ին ասել է ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը, թեև չի ժխտել նաև  դպրոցներում գերբեռնվածության խնդիրը: Ուսուցիչների մասսայական կրճատումը բացառում են նաև փորձագետները:

10 000 ուսուցիչ կրճատելու վերաբերյալ քննարկում չի եղել ոչ խորհրդարանում, ոչ էլ կառավարությունում. «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը:  Ըստ նրա՝ սա ընդամենը կեղծ օրակարգ  է: Չի ժխտում՝ որոշակի կրճատումներ անհրաժեշտ են, բայց ոչ մասսայական.

«Մարզերում տարածված մի խնդիր է եղել. 1 դրույք հաստիքի վրա 3-4 մասնագետ են բերել: Սա արհեստական ծանրաբեռնել է թե դպրոցը, թե խնդիր է եղել մասնագետների համար: Յուրաքանչյուրը 20.000 դրամ աշխատավարձ է ստացել, չնայած կարող էր նորմալ ծանրաբեռնվածություն ունենալ և նորմալ վարձատրվել»: 

Թե արհեստական գերբեռնվածությունը թոթափելու համար քանի հաստիք կկրճատվի, Սոֆյա Հովսեփյանը չի կարող ասել, միայն հայտնեց, որ խնդիրն օրակարգում լինելու դեպքում կկրճատվեն բացառապես արհեստածին հաստիքները: Ուսուցիչների մասսայական կրճատման տարբերակը  բացառում է նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Առավել ևս,  երբ մեր օրերում հատկապես որոշ առարկաների մասով նույնիսկ ուսուցիչների լուրջ դեֆիցիտ ունենք:

«Օրինակ՝ այս տարի մանկավարժական համալսարանի քիմիայի, ֆիզիկայի, հասարակագիտության ֆակուլտետներ ընդունվել է 2-ական մարդ: Եթե հանկարծ այդ երկուսն էլ Հայաստանից գնան կամ չուզենան ուսուցիչ աշխատել, մենք կատաստրոֆիկ վիճակ կունենանք: Մենք այսօր էլ ունենք առարկաներ, երբ դպրոցների թիվն ավելի մեծ է, քան այդ առարկայի ուսուցիչների թիվը»:

Դպրոցները մասնագետներով համալրելու համար մոտիվացիա է պետք, ինչը չկա, նկատում է փորձագետը: Դրա համար էլ անգամ գործող ուսուցիչները դպրոցը որպես հիմնական աշխատանք չեն դիտարկում:

«Հիմնական աշխատանքը կրկնուսույց լինելն է, դասապատրաստող լինելն է, գյուղատնտեսությունն է: Բազմաթիվ ուսուցիչներ ունենք, որոնք օրիֆլեյմ են վաճառում, գործակալ են աշխատում: Սա ավելի վտանգավոր ու չերևացող խնդիր է, երբ ուսուցչի հիմնական աշխատանքը ուսուցիչ լինելը չէ»: 

Կառավարությունը  պետք է հետևություններ անի այս ամենից ու խրախուսող մեխանիզմներ մտածի: Պատահական չէ, որ մանկավարժական բուհն ավարտելուց հետո, շրջանավարտների անգամ կեսը չի ձգտում աշխատել դպրոցում, իսկ տղամարդ ուսուցիչներին մոտ ապագայում մատների վրա կկարողանանք հաշվել:

Կարդացեք նաև

Back to top button