
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Ալլա Մինասյանը Հայաստանից Եգիպտոս մեկնած այն ուղևորներից մեկն է, որոնք երեկվանից սպասում են Հուրգադա-Երևան ավիաչվերթին և անորոշ վիճակում են: «Ռադիոլուրին» պատմում է, թե ինչ է կատարվում Հուրգադայում:
«Մարդկանց մի մասը հյուրանոցում է, մյուս մասը օդանավակայանում: Անորոշ իրավիճակ է, գումար չունենք, որ կարողանանք գալ- հասնել Երևան: Հյուրանոցներում էլ տեղ չկա: Սոված-ծարավ սպասում ենք»:
Ընտանիքով՝ անչափահաս երեխաների հետ, մեկնել էր հանգստի ու վերադարձի ճանապարհին է իմացել, որ ավիաընկերությունը չեղարկել է թռիչքը:
Եգիպտոսում Հայաստանում դեսպան Կարեն Գրիգորյանը «Ռադիոլուրին» որոշ պարզաբանումներ տվեց.
«Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Եգիպտոսի Հուրգադա քաղաքում է գտնվում ՀՀ շուրջ 100 քաղաքացի, բայց այս թիվը կարող է մեծանալ, քանի որ 400 հանգստացող կա այս պահին ՀՀ-ից: Նրանք դեռ հանգստանում են, դրա համար դեռ խնդրին չեն բախվել»:
Դեսպանը հուշում է, որ կան այլ ավիաընկերություններ, և ՀՀ քաղքացիները կարող են Երևան հասնել դրանց միջոցով:
«Այլ ավիաընկերություններ կան: Ավիաընկերություններից մեկը երեկ հայտարարություն էր տարածել, որ 40 ազատ տեղ ունի, իհարկե վճարովի է, բայց ավելի լավ է մարդիկ միջոցներ գտնեն, տեղ հասնեն, քան անհարմար վիճակում հայտնվեն»:

Եգիպտոսում անորոշ վիճակում հայտնված ՀՀ քաղաքացին, սակայն, տարակուսում է՝ ինչո՞ւ պետք է մի քանի անգամ թանկացրած ավիատոմս գնեն, եթե արդեն վճարել են տուիրիստական փաթեթի համար ու այլևս գումար չունեն:
«Մեզ ասում են՝ էսօր էլ դուք չեք թռչի հաստատ, վաղն էլ չգիտենք: Ինքնաթիռի տոմսերն էլ թանկացրել են: Օգնելու փոխարեն ինչ են առաջարկում: 3 հոգու համար հազար քանի հարյուր դոլար են ուզում, որ հասնենք Ստամբուլ»:
Քաղավիացիայի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայազլյանը խոսեց հնարավոր պատճառների մասին ու նշեց, որ դեռևս հստակ չէ թե որն է թռիչքը չեղարկելու պատճառը. Իսկ չվերթը չեղարկվել է ընդամենը 24 ժամով.
« Տեղեկությունները իրարամերժ են: Ունենք մի տարբերակ, որ կոմերցիոն խնդիր կա և մեկ այլ տարբերակ, որ օդանավի բացակայության պատճառով չվերթը 24 ժամով հետաձգվել է: Որն է իրական պատճառը, մենք էլ ենք փորձում պարզել»:
«A&R TOUR» տուրիստական ընկերությունում, որտեղից հանգստի մեկնած հայաստանցիները ձեռք են բերել տուր փաթեթները, հեռախոսազանգերին չեն պատասխանում: Հնարավոր վարկածներից մեկի համաձայն՝ չվերթը չեղարկվել է, քանի որ զբոսաշրջային ընկերությունն ավիաընկերությանը չի փոխանցել ինքնաթիռի տոմսերի գումարները։
Ուղևորները սակայն չճշտված տեղեկությություններ ունեն ու կասկածում են, որ մենաշնորհի խնդիր կա. «Ասում են , որ մենաշնորհի հարց կա: Կար ընկերություն, որը զբաղվում էր տուրիստական փաթեթներով, ու հիմա «A&R TOUR»-ը ավելի ցածր գներ է առաջարկում: Ուզում են դուրս թողնել այդ ընկերությանը: Բայց տեղեկություն են տարածում, թե վճարումը չի արվել»:
Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև՝ փոխադրող ընկերության հետ և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար։
Տեղում թեժ գիծ է գործում՝ հարցերի դեպքում պետք է զանգել 00 20 120 705 0580 հեռախոսահամարով:




