
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Շաբաթվա ընթացքում բանակում ինքնասպանության երկրորդ ցավալի դեպքն արձանագրվեց, իսկ տարեսկզբից գրանցված դեպքերն արդեն 5-ն են: Եթե պաշտպանական ոլորտի պաշտոնյաների համար սա վիճակագրության նվազում է, ապա իրավապաշտպանների համար պատկերը մտահոգիչ է ու անհանգստացնող:
Առաջիկա օրերին ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվելու Քրեական օրենսգրքում փոփոխության նախագիծ: Առաջարկվում է ինքնասպանության դրդելու համար սահմանված պատիժը խստացնել՝ մինչեւ 3 տարվա ազատազրկումը հասցնելով 5-7 տարվա ազատազրկման:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսպես արձագանքեց բանակում տեղի ունեցած վերջին դեպքին, երբ հակառակորրդի տարածքում՝ մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ հայտնաբերվեց զինծառայող Վոլոդյա Գալոյանի դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը կողքին: Մինչեւ դիտակետ բարձրանալը այս դեպքերին նախորդել է վիճաբանություն դիրքի ավագի հետ: Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ նա ձերբակալված է:

«Ես հասկանում եմ, որ պատժաչափը մեծացնելով որեւէ կերպ չեմ ամոքելու այն ծնողների, այն մայրերի վիշտը որոնց զինծառայող որդիներին դրդել են ինքնասպանության կամ սպանությունը փորձել են վերաորակավորել որպես ինքնասպանություն, բայց ես կարծում եմ, որ գործող քրեական օրենսգրքով 3 տարի քրեական պատասխանատվությունը դա շատ փոքր պատիժ է այն մարդկանց համար, ովքեր զինվորին նվաստացնում են եւ զինվորին դրդում են ինքնասպանության, ուստի առաջիկա օրերին փոփոխությունը քրեական օրենսգրքի 110 հոդվածի ես կդնեմ շրջանառության մեջ»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը:
7 ամսվա ծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան օրը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսում էր բանակում մահացության դեպքերի վիճակագրության մասին:

«Ես չեմ ուզում առաջ ընկնել տարվա կտրվածքով, վիճակագրությունն ամենաանշնորհակալ մոտեցումն է, որը կարելի է ցուցաբերել այս հարցով: Ցանկացած մեկ զինծառայողի, մեր մեկ գործընկերոջ մահը անվերականգնելի է եւ բարոյապես բոլորիս վրա ազդում է: Ես կարող եմ այս պահին ասել, որ ունենք որոշակի նվազում: Բայց նաեւ ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել նախապես բացահայտելու մեր զինծառայողի այդ հոգեվիճակը: Պետք էր շատ ավելի աշխատել: Հանձնարարությունները տրված են, ավելին չեմ կարող ասել, որովհետեւ նախաքննություն է իրականացվում»,- ասել է Դավիթ Տոնոյանը:
Սեփական վիճակագրություն վարում են նաեւ իրավապաշտպան կազմակերպությունները: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակից Արմինե Սադիկյանի ֆեյսբուքյան հրապարակման համաձայն՝ երեկվա դրությամբ այս տարի ունենք 31 զինծառայողի մահվան դեպք: Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացել է 2 զինծառայող, իսկ ինքնասպանություն, սպանություն, դժբախտ պատահար եւ չպարզված հանգամանքներ ձեւակերպումներով ներկայացվել է 10 դեպք: Ավտովթարից մահացել է 11 զինծառայող, առողջական խնդիրներից՝ 8-ը:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը տարիների փորձից ելնելով թերահավատորեն է մոտենում պաշտոնական ձեւակերպումներին.

«Ես չեմ վստահում քննչական կոմիտեի այս հայտարարություններին: Այս մեկ շաբաթվա մեջ երկու ինքնասպանության դեպք մեզ հրամցրեց: Երբ տարվա կեսին խոսում են նվազման մասին, չեմ ընդունում, որովհետեւ բանակում մահվան արտառոց դեպքեր կան գրանցված: Դա վերացնելու մասին պետք է խոսեն: Ես կարծում եմ, որ ուրիշ տեղ պետք է շեշտադրումները լինեն: Պահանջեն, որ Քննչական կոմիտեի որակումները համապատասխանեն իրականությանը: Այստեղ է խնդիրը, որ զինվորները ոչ թե ինքնասպան են լինում, այլ՝ կոծկվում են հանցագործության իրական պատճառները»,- ասում է Ժաննա Ալեքսանյանը:
Այս պահին իրավապաշտպանը բացասական է գնահատում Հայաստանի քննչական կոմիտեի աշխատաոճը: Գալոյանի դեպքի հետ կապված երկու հաղորդագրություն էր տարածել կառույցը: Առաջինով ծանուցվում էր դեպքի եւ նախորդող իրադարձությունների մասին, երկրորդով նոր՝ կասկածյալի ձերբակալության:
«Իրենց հաղորդագրությունը ընտանիքի նկատմամբ գնահատում եմ որպես դաժան վերաբերմունք: Այդ մարդիկ իրենց տղային բանակ են ուղարկել, նստել են տանը սպասում են եւ հանկարծ լսում են որ նա համ սպանության փորձ է կատարել, համ էլ՝ ինքնասպանություն: Ես ասեմ՝ ինչի համար են այդպես արել: Որ ընտանիքին «կոտրեն», որ չկարողանա բողոքել անգամ: Տարիների մեր փորձը դա է ցույց տվել: Այդ զինվորը եկել էր, որ հայրենիքի առաջ իր պարտքը կատարեր, նա բանդիտ չէր, որ եկել էր բանակ: Եվ այդ տղան չէր եկել, որ այնտեղ սպանության փորձ կատարեր: Փոխարեն նախարարն անմիջապես գնար դեպքի վայր, տեսնի՝ ինչ է կատարվել այնտեղ, կանչի եւ դա լինի ցուցիչ, որ նախարարը նման դեպքերի ժամանակ կարող է այդտեղ հայտնվել, ծառայողական քննություն նշանակել ու պարզել, բայց մենք չենք տեսնում, որ դա անի նախարարը»,- ասում է Ալեքսանյանը:

Վոլոդյա Գալոյանի դեպքի մանրամասները իրավապաշտպանները դեռ չգիտեն: Ժաննա Ալեքսանյանի փոխանցմամբ՝ հաջորդ շաբաթվա ընթացքում այցելելու են Գալոյանների ընտանիքին՝ հասկանալու կատարավածը եւ հետագա անելիքները:




