
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ։
Նախարարը եղել է նաև Վրաստանի ազգային թանգարանի գանձարանում, որտեղ ցուցադրվում են վրացական ոսկերչության՝ պեղումներից հայտնաբերված եզակի նմուշների։
Նախարար Մնացականյանի պաշտոնական այցը Վրաստան մեկնարկել է երեկ։ Նախարարն հանդիպել է վրացի իր գործընկերոջը՝ Դավիթ Զալկալիանիին, երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեին, ծաղկեպսակ դրել անկախության համար ընկած հերոսների հուշահամալիրին, իսկ երեկոյան հանդիպել վիրահայ համայնքի ներկայացուցիչներին։
Հայաստանի արտգործնախարարն այսօր՝ պաշտոնական այցի վերջին օրը հանդիպումներ ունեցավ Վրաստանի խորհրդարանում՝ հայ-վրացական հարաբերությունների մասին գրառում թողնելով օրենսդիրի պատվավոր հյուրերի մատյանում։

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի նորընտիր խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ։ Նա օրերս է ստանձնել պաշտոնը, երբ Թբիլիսի ժամանած ռուսական պատվիրակության պատճառով սկսված հակառուսական ակցիայի մասնակիցները հասան խորհրդարանի խոսնակի պաշտոնից Իրակլի Կոբախիձեի հրաժարականին։
«Հայաստանի և Վրաստանի ջերմ հարաբերությունները շատ կարևոր են տարածաշրջանի խաղաղության, կայունության ու զարգացման համար։ Հենց այս ընդհանուր նպատակներին հասնելու համար մենք ևս մեկ անգամ հաստատեցինք մեր կամքն ու պատրաստակամությունը»,- հանդիպմանն ասաց Թալավաձեն։
Հայաստանի արտգործնախարարը եղավ նաև Վրաստանի ազգային թանգարանի գանձարանում, որտեղ պահվում են պեղումների ժամանակ հայտնաբերված վրացական վաղ շրջանի ոսկերիչների գործերը․ այս օրերին թանգարանը ցուցադրում է վրացական ոսկերչության պատմության մ․թ․ա․ երեք շրջանների նմուշներ։
Նախարարը, ամփոփելով երկօրյա այցը, ներկայացրեց վրացի գործընկերների հետ քննարկած հարցերը՝ մասնավորապես անդրադառնալով վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհ գտնելու խնդրին:
«Այլընտրանքային այդ ճանապարհն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին և Վրաստանին, և վստահ եմ` Դուք էլ հետևել եք, լրատվական հոսքերում տեսել եք, որ այդ առումով բանակցությունները երկու կողմերի միջև շարունակվում են: Բնականաբար, մենք շատ ուշադիր հետևում ենք և խոսում ենք դրա մասին մեր երկու գործընկերների` և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ: Բայց բանակցող կողմերը Ռուսաստանն ու Վրաստանն են: Մենք բնականաբար դրա մասին խոսել ենք նաև այսօր և շարունակում ենք հետևել` հույս ունենալով, որ իրապես կլինի իրավիճակ, երբ հարցի հանգուցալուցումն ավելի տեսանելի, շոշափելի կդառնա»:
Արդյոք դա մոտ ապագայի՞ հարց է. նախարարը հույս հայտնեց՝ նկատելով, որ բանակցությունների նոր փուլ է մոտենում:

«Ռադիոլուրի» հարցին, թե Հայաստանն ինչո՞վ կարող է օգնել վերջին շրջանում Վրաստանի ու Ռուսատանի միջև լարված հարաբերությունների պարագայում, նախարարը նշեց՝ Հայաստանը որևէ քայլ չի անում, որը կխոչընդոտի այս արդեն բարդ խնդրի կարգավորմանը․
«Մեզ համար կարևորագույն սկբունք է՝ չկառուցել հարաբերություններ մեկի հետ մյուսի հաշվին։ Դա արդեն ինքնաբերաբար ներդրում է՝ ի հայտ բերելու այն կարևորությունը, որ նշանակություն ունի մեզ համար տարածաշրջանային կայունության ապահովման առումով։ Մենք Վրաստանի ու Ռուսատանի հետ ունենք խորհրդակցելու տարբեր համակարգեր ու հարթակներ, որտեղ հնարավոր են լարվածության նվազեցմանը նպաստող տարբեր գործառույթներ։ Մեր երկու բարեկամների միջև հարաբերությունների բարելավումը բնականաբար բխում է մեր ազգային շահերից»։
Այս տարեսկզբին Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժեց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հայցը՝ կապված Թանդոյանց սուրբ Աստվածածին եկեղեցին պետության կողմից վրաց պատրիարքարանի սեփականությանը փոխանցելու պահանջի հետ։ Նախարարն այս խնդրի մասին նշեց․
«Մեզ համար շատ էական է, որ մենք պահպանենք այս հարցի հանգուցալուծումն այնպես, որ մեր երկխոսության շրջանակներում թույլ չտանք որևէ զարգացում, որը խնդիրներ ստեղծի, խորացնի կամ բարդություն դառնա մեր ժողովուրդների հարաբերությունների մեջ։ Այստեղ, իհարկե մենք ունենք դերակատարություններ, որ ավելի լայն կոնտեքստում մեզ անհրաժեշտ է ուղղակի իմանալ՝ ինչպես կառավարել խնդիրները, որպեսզի մենք կարողանանք պահպանել ժողովուրդների և պետությունների միջև երկխոսությունը`առանց խորացնելու որոշ բարդություններ» ։
Նախարար Մնացականյանը վիրահայերի հետ զրույցում ասաց, որ իր մանկությունն անցել է Թբիլիսիում, վառ հիշողություններ ունի, լավ է հասկանում վիրահայերի դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։
Իսկ թբիլիսահայերը նշեցին, որ հպարտ են, որ վիրահայ համայնքը օգնել Հայաստանի դիվանագիտական կորպուսին․ նախարար Մնացականյանը նորանկախ Հայաստանի երկրորդ արտգործնախարարն է, որ արմատներով կապված է Վրաստանի հետ։




