ԿարևորՔաղաքական

Հանրագիր վարչապետին. ով եւ ինչ է պահանջում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

2015-ին փոփոխված Սահմանադրությունը նոր՝ հանրագրի ինստիտուտ է նախատեսում, որով շարքային քաղաքացին իրավունք ունի մասնակցել պետական կառավարմանը: Սահմանադրության համապատասխան հոդվածը սահմանում է գործիքակազմը, առանձին օրենք  տրվում են կարգավորումները: Առաջին և առայժմ միակ հանրագիրը ներկայացվել է ապրիլին:

Պետական հաստատություններում բարձր պարգեւավճարների խնդիրը հանրությանը հանգիստ չի տալիս անգամ այն հավաստիացումից հետո, որ  2019-ի բյուջեում պարգեւատրման ֆոնդը կրճատվել է 50 տոկոսով և  բոլոր գերատեսչությունների համար հավասար՝ 30 տոկոսի ֆոնդ է սահմանվել:

Քննադատությունները եւ քննարկումները անցան-գնացին, բայց թեման Հայաստանում առաջին անգամ հանրագրի ինստիտուտի կիրառման պատճառ դարձավ: Մի խումբ քաղաքացիների անունից Հանրագիրն ուղղվել է վարչապետին: Խնդիրը վերաբերում է հենց պետական պարգեւավճարներին:

«Բավականին խորը ուսումնասիրությունների արդյունքում առերեւույթ պարզեցինք, որ այդ գործընթացում կան լուրջ բացթողումներ, նույնիսկ  օրենքի խախտումներ: Որպեսզի մեր արած աշխատանքը իզուր չլիներ, կազմեցինք Հանրագիր: Վարչապետին Հանրագրով առաջարկել ենք մեր ուսումնասիրությունների հիման վրա իրականացնել ծառայողական քննություններ կամ ուսումնասիրություններ, եւ եթե մեր բարձրացրած խախտումները իրականում տեղի են ունեցել, կարգապահական բնույթի պատիժներ սահմանել կարգազանց պաշտոնյաների նկատմամբ, եւ ոչ օրինական ձեւով տնօրինված գումարները վերադարձնել պետական բյուջե»,- ասում է իրավաբան Մասիս Մելքոնյանը:

Սահմանադրության 53-րդ հոդվածով յուրաքանչյուր քաղաքացի՝ անհատապես կամ խմբով,  ունի պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց  Հանրագիր  ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք: Օրենսդրությամբ մեկ ամիս է տրվում  պատասխանի համար, եւս մեկ ամիս՝ ժամկետը երկարացնելու հնարավորություն:

Եթե ինչ-որ բան սխալ է ձեւակերպված, հնգօրյա ժամկետում Հանրագիրը վերադարձվում են հեղինակին՝ ճշգրտումների համար: Հանրագրով կարելի է առաջարկներ ներկայացնել ղեկավար մարմիններին հանրային կյանքում տեղ գտած կարեւորագույն բացթողումների եւ այդ բացթողումների լուծումների առնչությամբ:

Առաջին եւ առայժմ միակ Հանրագիրը ներկայացվել է այս տարվա ապրիլի 26-ին: Բոլոր ժամկետներն անցել են, Հանրագրի հեղինակները որեւէ պատասխան չեն ստացել:

«Մի օր փորձեցինք զանգել տարբեր հեռախոսի համարներով, կցկտուր տեղեկություններ ստացանք, որ առաջին անգամ են ստացել, չգիտեն ինչ է եւ այլն, եւ այլն: Դրանից արդեն 1.5 ամիս էլ անցել է: Եվ այդ մեկ ամսվա մեջ օրենքը իրենց հնարավորություն է տալիս հանձնաժողով ստեղծել, քննարկել, ըստ ոլորտների ուսումնասիրել, այսինքն, իրենք պետք է տեղավորվեն այդ ժամկետի մեջ: Եթե չեն տեղավորվում, գոնե նախաձեռնող սուբյեկտին պետք է տեղեկացնեն դրա մասին: Դա նորմալ՝ թե քաղաքակիրթ, թե իրավական կարգավորումները են: Մենք այսօր այդ Հայաստանի համար ենք պայքարել: Ինչքան ուզում է՝ թող չպատասխանեն: Հանրագիրը, որը քաղաքացուն պետական կառավարմանը ներգրավվելու Սահմանադրական միջոց է ի վերջո պետք է դառնա պրակտիկ կիրառման շատ մեծ միջոց: 1-2 անգամ չպատասխանեն, հետո՝ ստիպված կպատասխանեն»,-ասում է իրավաբանը:

Մինչ սահմանադրական այս կետով փորձ է արվում հաստատել շարքային քաղաքացիների իրավունքները, «Ազգային Առաջընթաց» կուսակցությունը սկսում է ավելի ծավալուն պահանջով նոր նախաձեռնություն:

«Մենք սկսել ենք նախաձեռնություն՝ բաց հարթակ, սահմանադրական նոր հանրաքվե անցկացնելու պահանջով: Գտնում ենք, որ գործող Սահմանադրությունը նախ՝ ոչ լեգիտիմ է, երկրորդը՝ շատ մեծ կասկածներ կան, որ ընտրակեղծիքներով է ընդունվել եւ որ ամենակարեւորն է՝ այստեղ խախտվում է իշխանության երեք ճյուղերի բալանսավորման եւ վերահսկողության սկզբունքը: Սուպերվարչապետական համակարգ ունենք»,- ասում է «Ազգային Առաջընթաց» կուսակցության անդամ Հայկ Փայտյանը:  

Սահմանադրական փոփոխությունների պահանջ բարձրացնում են նաև քաղաքական այլ ուժեր, բայց իշխանությունը արդեն հայտարարել է, որ Սահմանադրությունն արմատապես փոխելու մտադրություն չունի: Տեղային կամ մասնակի փոփոխությունների հնարավորությունը, սակայն, իշխանության ներկայացուցիչները չեն բացառում:

Կարդացեք նաև

Back to top button