
Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»
Ջավախքի խնդիրները դասակարգելիս սոցիալականից էլ առաջնահերթ ջավախահայերը նշում են կրթական, մշակութային բացը։ Ջիվանական ու Տերյանական տոների շնորհիվ Կարզախն ու Գանձան տարվա մեջ 1 օր հատուկ ուշադրության են արժանանում պաշտոնյաների, մշակութային, հասարակական ու քաղաքական գործիչների կողմից։ Այս տարի նույնպես Տերյանական օրերին հիշեցին մեծանուն բանաստեղծին, լուսանկարվեցին, գնացին, տուն-թանգարանի խնդիրները սակայն դարձյալ անլուծելի մնացին։

«Մեկ քառակուսի մետրի չափ ուղղակի անցք էր բացվել, էս տարի մեր իշխանությունները մեր դիմումով նորոգեցին»,-ասում է Վահան Տերյանի տուն-թանգարանի տնօրեն Վաղարշակ Թանգամյանը:
Առաստաղի անցքն արդեն չի երևում, սակայն ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի մասնագիտական մանրադիտակի տակ են տուն-թանգարանի օրհասական խնդիրները։

«Բարձիթողի վիճակում է ոչ թե վերջին տարիներին, այլ վաղուց է այդ վիճակում և փրկելու կարիք ունի»,- նշում է Հովհաննես Մութաֆյանը:
1852 թ-ին Տերյանի պապի՝ տեր Գրիգորի կառուցած տան փրկության պլանը Հովհաննես Մութաֆյանը նախագծել է, նախահաշիվը կազմել, ճարտարապետի ու իր թիմի ներդրումն է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հերթական նախաձեռնությանը։ Հաջողված փորձն ակներև է, 2017-ին բացված Ջիվանու տուն թանգարանն է Կարզարխում։
«Ջիվանու տուն թանգարանը մեր բոլորին հուշում է, Տերյանի տուն թանգարանն էլ նույն կարգավիճակին բերելու»,-ասում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը:

ՋԱՀ-ի նախաձեռնությամբ և բարերարների հանգանակության շնորհիվ 2017-ին վերանորոգված ու ցուցանմուշներով համալրված Կարզախում բացվեց Ջիվանու տուն-թանգարանը, վերանորոգման իր հերթին է սպասում Վահան Տերյանի տուն-թանգարանը Գանձայում։
«Խնդիներն ինչում ա, որ ջրի պատճառով եղած փայտե կոնստրուկցիաները բոլորը վատ վիճակում են, տանիքը կաթում է և ժամանակավոր ծածկը, որ արված է, արդեն վերածել է հուշարձանը հանհասկանալի տաղավարի։ Լուրջ ներդրումներ են պետք»,-ասում է Հովհաննես Մութաֆյանը:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը կոչ է անում գործարարներին ու բոլոր սրտացավ մարդկանց միանալ նախաձեռնությանը և միասնաբար վերանորոգեն ու ցուցանմուշներով համալրեն Վահան Տերյանի տուն թանգարանը։




