Հասարակություն

Երբ հոբբին նաև բիզնես է դառնում

Հերմինե Կարապետյան
«Ռադիոլուր»

24- ամյա Լիլիթ Մայիլյանն Արցախի էկոնոմիկայի նախարարության ֆինանսիստներից է, բայց համատեղեց մասնագիտությունն ու հոբբին և ստեղծեց իր փոքրիկ բիզնեսն Արցախում:

Նկարել Լիլիթն սկսել է դեռ մանկուց: Նկարչության, գրաֆիկայի խմբակների է հաճախել, և դժվար չէր կռահել, որ թվերի ճշգրիտ ու պրակտիկ աշխարհում իրեն պակասում են ներկերն ու գույները:

Առաջին բանը, որ նա արեց, իր ընկերների և հարազատների համար տոներին ընդառաջ ձեռագործ բացիկներ պատրաստելն էր, որոնք նկարազարդում էր և արցախյան բարբառով արտահայտություններ գրելով՝ դրանց յուրահատուկ համ ու հոտ հաղորդում:

Սպառողը գնահատեց Լիլիթի հնարամտությունը, ու բացիկները շատ արագ գտան իրենց հասցեատերերին։ Դրանցից մի քանիսն էլ դարձան շարքի բեսթսելլեր:

Չուշացավ նաև արցախյան բարբառի ջերմ ու մտերմիկ արտահայտություններով բաժակների շարքը, որոնք Լիլիթը նկարազարդում է ջրաներկով և ավելացնում նկարին հատուկ գրությունը:

Երկու տարվա ընթացքում Լիլիթը 300-ից ավելի բաժակ է ստեղծել՝ օգտագործելով բազմաթիվ բարբառային արտահայտություններ՝ «ղաթումը չայ խըմե»-մեկ-մեկ թեյ խմիր, «ապրիս, վեր միշտ կողքիսըս»- շնորհակալ եմ, որ կողքիս ես, «ծերքըս պեց չի թողիս»- ձեռքս բաց չթողնես, սակայն բաժակների դեպքում ևս ամենասիրվածը «եկ քեզ խտիմ» գրությամբ բաժակներն են:

Լինում են նաև դեպքեր, երբ հաճախորդը չի կողմնորոշվում, թե կոնկրետ ինչ վերցնի և ինչ գրությամբ, այստեղ ևս օգնության է գալիս հեղինակի՝ Լիլիթի հնարամտությունը:

Բացի բաժակներից, Լիլիթը նաև կերամիկական սպասքի վրա է նկարում ու գրում: Առայժմ միայն օնլայն տարբերակով է աշխատում, ասում է՝ պահանջարկը մեծ է, Ստեփանակերտն էլ փոքր քաղաք, բոլորն իրար ճանաչում են, հեշտությամբ գտնում, կապ հաստատում ու պատվիրում։ Եվ այն, որ աշխատաշուկայում Լիլիթից բացի այս գործը ոչ ոք չի անում, ավելի է հեշտացնում նրա գործը, սակայն սպասում է, որ դաշտում մրցակիցներ  հայտնվեն՝ մրցակցություն լինի, ինքն էլ ավելի մեծ եռանդով աշխատի:

Իսկ հաջողության հասնելու համար, Լիլիթի կարծիքով, նախևառաջ պետք է անմնացորդ սիրել այն, ինչն անում ես:

Կարդացեք նաև

Back to top button