
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
ՀՀ տարածքում գրանցված հրդեհների քանակն աննախադեպ աճել է: Պատճառը ոչ միայն շոգ եղանակն է, այլև մարդկային անփութությունը: ԱԻՆ-ը խնդրում է լինել առավել ուշադիր և զգոն, ինչպես նաև պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
Չեք դիմանում շոգին և կարծում եք, թե ամռան ամենաշո՞գ օրերն են։ Իրականում շոգ օրերը դեռ առջևում են: ԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ հուլիսի 21-23-ին Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին կհասնի +40 +42 աստիճանի։

Տեղումների բացակայության և սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին ԱԻՆ-ը ամեն օր զգուշացնում է նաև sms հաղորդագրության միջոցով: Մինչ նախարարությունը հորդորում է պահպանել առավելագույն զգուշավորություն, հրդեհների թիվը ոչ միայն չի նվազում, այլև ավելանում է։
Ռեկորդային թվով հրդեհներ ունենք՝ նկատում է նախարարության փորձագետ Սերգեյ Հայրապետյանը՝ մատնանշելով 2 հիմնական պատճառները. բարձր ջերմաստիճան, մարդկանց անփույթ վերաբերմունք:
Փարձագետը նույնիսկ մարդկանց անփութության մի քանի օրինակ է առանձնացնում:
«Բնական է ամառ է, մեր քաղաքացիները ձգտում են իրենց հանգիստը անցկացնել բնության գրկում: Բայց հաճախ հենց իրենք մոռանում են իրենց իսկ ձեռքով վառած կրակը հանգցնել, նոր թողնել գնալ: Կուտակում են աղբը, թողնում, գնում են: Իսկ աղբի կուտակումը հղի է ծանր հետևանքներով»,- ասում է Սերգեյ Հայրապետյանը:

Քիչ չեն նաև դիտավորյալ հրդեհները: Դրանց ուղղությամբ արդեն իսկ քրեական գործեր են հարուցվել: Եթե ոչ քրեական, ապա գոնե վարչական պատասխանատվության են ենթարկվելու մեղավորները, ասել է ԱԻՆ փորձագետը:
Հրդեհների աննախադեպ աճի մասին են վկայում նաև վիճակագրական տվյալները: Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ներկայացրեց Հանրապետության տարածքում 2018 և 2019 թվականների առաջին կիսամյակների համեմատական պատկերը:
« 2018-ի առաջին կիսամյակում 1702 հրդեհների դեպք է գրանցվել: Այրվել է 737 հա բուսածածկույթ է այրվել: 2019 թվականի առաջին կիսամյակում ունեցել ենք 4310 հրդեհների դեպք, այրվել է 5260 հա բուսածածկույթ»:
Նախարարության կողմից իբրև կանխարգելիչ միջոցառում պարբերաբար հսկող այրումներ են իրականացվել: Այրվել է 135 հա բուսածածկույթ:




