ԿարևորՀասարակություն

Նոր եւ էժան առաջարկ Սեւանը մաքրելու համար

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Սեւանից ստացվող վերջին օրերի հուսադրող լուրն է, որ լիճը ինքնամաքրվում է ծաղկող ջրիմուռներից: Իրականում, սակայն, դա ժամանակավոր լուծում է, քանի որ ծաղկման շրջանի ավարտի հետ ջրիմուռների մնացորդները, եթե կարելի է ասել «կոնսերվացվում» են եւ շարունակում են մնալ լճում:

Լիճը մաքրելուն զուգահեռ անհրաժեշտ է միաժամանակ կանխել հետագա աղտոտումը եւ կառավարությանն արդեն ներկայացված են անհրաժեշտ ծրագրերը: Հին եւ ընդունված ճանապարհով գնալու փոխարեն այսօր հնչում են նոր մտքեր եւ առաջարկներ երիտասարդ մասնագետների կողմից:

Ասում են՝ Սեւանը փրկելու համար կառավարությունում գումարի խնդիր չկա՝ ֆինանսավորվելու են բոլոր անհրաժեշտ աշխատանքները: Այսօր մասնագետները հավաքվել էին ԱԺ-ում՝ խնդիրը քննարկելու եւ կառավարությանը հերթական առաջարկները ներկայացնելու համար:   

Բիովառելիքի կամ բիոդիզելի արտադրության ծրագրերով զբաղվող ընկերությունն իր տեխնոլոգիաները «պրոյեկտել» է Սեւանի խնդրի վրա եւ լիճը ջրիմուռներից մաքրելու նոր եղանակ է գտել: «GB Technologies» ընկերության աշխատանքային ուղղությունների մեջ են մտնում նաեւ Էկոլոգիական լուծումներն ու թափոնների վերամշակումը: Ընկերության ղեկավար Ստեփան Ավագյանն առաջարկում է «ֆորսմաժորային» լուծում, այսինքն՝ ընդունված երկարաժամկետ եւ ավանդական լուծումներին զուգահեռ առաջին օգնություն ցուցաբերել Սեւանին՝ արագ եւ համեմատաբար մատչելի եղանակով:

 «Երկու քայլ է: Այն հատվածները, որտեղ բարձր է ջրիմուռների խտությունը, նեյտրալիզացնենք այդ հատվածները: Կա տեխնիկա, տեխնոլոգիան մենք արել ենք, փորձել ենք: Կենտրոնախույս ուժով աշխատող սեպարացիոն սարքեր են, որը ջուրը քաշում է այդ ջրիմուռներով, ցիանոբակտերիաներով: Բարձր հաճախականությամբ պտույտով սարք է, որը մի կողմից պինդ զանգվածը՝ բիոմասան, անջատած դուրս է հանում, մյուս մասը՝ մաքուր ջրի տեսքով հետ վերադարձնում: Կան սրանց տարատեսակ մոդելներ՝ կախված գնից, որոնք հավատացնում եմ, որ հնչող թվերից տասնապատիկ եւ հարյուրապատիկ ավելի էժան լուծում է այս «ֆորսմաժորային» իրավիճակում: Այսինքն՝ օրինակ, ժամում 30 տոննա ջուր մաքրելը դա բավական մեծ թիվ է , եթե ափ առ ափ հաշվենք: Տեղադրվում են այսպիսի շարժական կայաններ եւ մաքուր ջուրը վերադարձվում է Սեւանին: Իհարկե, այստեղ կան տեխնիկական չափորոշիչներ, թե որ մակարդակից ենք քաշում ջուրը եւ որ մակարդակ վերադարձնում: Սա շատ կարեւոր է, որ չհասցնի այդ դիֆուզիոն էֆեկտները տեղի ունենան»,-ասում է Ստեփան Ավագյանը:   

Այս տարբերակը ոչ իրատեսական են համարում Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում: Կառույցի ղեկավար Էդգար Փիրումյանը բացատրում է՝ նման սարքերը սովորաբար մաքրում են աղտոտվածությունը, բայց ոչ՝ ջրիմուռները: Այնպես որ՝ առաջարկված տարբերակը Սեւանի դեպքում չի գործի:

 «Ջրիմուռը հետեւանքն է, այլ ոչ թե պատճառ: Մենք պետք է հետեւանքը վերացնենք, այլ ոչ թե ջրիմուռները: Մենք կվերացնենք՝ 5 օրից նա նորից կաճի: Կամ չի աճի՝ խնդիր չկա, բայց պրոցեսը եւ պրոբլեմը չի դադարի: Ու բացի դրանից, Սեւանում հիմա խառնված են շերտերը եւ դուք լրացուցիչ դա խառնում եք: Զուտ այդքանը»,- ասում է Էդգար Փիրումյանը:

Այս կառույցում լճի փրկության լավագույն տարբերակ համարում են Սեւանի մակարդակի բարձրացումը: 6 մետրով բարձրացումն անհրաժեշտ է, որ վերականգնվի Սեւանա լճի երեք շերտերից մեկը: Ջրի մակարդակի տատանումների եւ հատկապես իջեցման պատճառով այս պահին վնասված է սառը շերտը։ Հենց այս շերտն է, որը թույլ չի տալիս ջրիմուռներին ծաղկել: Այս պահին նկատվում է լճի ինքնամաքրում, սակայն սա նույնպես ժամանակավոր լուծում է, հաջորդ ծաղկումը կարող է շատ ավելի վատ հետեւանքներ ունենալ։ Չի ցանկանում խուճապ առաջացնել, բայց զգուշացնում է «SOS Սեւան» նախաձեռնությունից Լուսինե Համբարյանը, որը տարիներ շարունակ զբաղվել է ջրիմուռների հետազոտությամբ:

 «Ամբողջությամբ ինքնամաքրվել էկոհամակարգը չի կարող: Ինքնամաքրումը նկատի ունենք, որ միկրոջրիմուռների այդ ծաղկումը, հսկայական զանգվածը, որ առաջացավ, սրանք միկրոսկոպիկ օրգանիզմներ են, եւ նրանց կյանքի տեւողությունը շատ կարճ է՝ մոտ մեկ օր: Բնականաբար, այդ զանգվածը պետք է քայքայվի, որովհետեւ կենդանական օրգանիզմներ են։ Նրանց քայքայումը դեռ չի խոսում նրա մասին, որ ջուրը մաքրվել է: Այսինքն՝ այս ամենը մնում է հատակում»,- նկատում է Լուսինե Համբարյանը:

Կենսաբանն ասում է, որ ջրիմուռները խիստ աղտոտվածության ցուցիչ են: Սեւանի դեպքում կա անգամ թվային արտացոլում: Տարեկան Սեւան ենք լցնում 4 հազար տոննա գոմաղբ, 80 տոննա ֆոսֆոր, 290 տոննա նիտրատներ եւ 115 տոննա նավթամթերք: 280 հազար բնակչությամբ Սեւանի ավազանի բնակավայրերը, կարելի է ասել, կոյուղի չունեն։ Գավառ քաղաքն օրինակ, կոյուղացված է 47 տոկոսով,  Մարտունին՝ 40 տոկոսով, Վարդենիսը՝ 20 տոկոսով: Սրան գումարած 700 հեկտար ջրածածկ տարածքում մնացել են կտրված ծառերի կոճղերը: Դրանց մաքրման աշխատանքները կրկին սկսվել են:

Գիտությունների ազգային ակադեմիայի Սեւանի հարցերով հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանի խոսքով՝ Սեւանա լճի առկա բոլոր խնդիրների մասին զեկուցել են վարչապետին։ Լուծումների տարբերակն արդեն մոտավորապես ընտրվել է եւ անգամ գումարի խնդիր գործադիրում այս հարցով չկա: Պարզապես անհրաժեշտ են իրատեսական ծրագրեր: Դրանցից մեկով՝ 3-4 դոնոր կազմակերպությունների միջոցով  նոր ջրամբարներ են նախատեսում կառուցել: Կպահանջվի 2-2.5 տարի: Այդտեղ ջուրը կհավաքվի եւ կլցվի Սեւանա լիճ՝ թունելով ու Հրազդան գետով:

«Որպեսզի նախ մաքուր շատ ջուր ունենանք, եւ հետո ջրափոխության ժամանակ ջրանկում չլինի»,- բացատրեց Ջավադյանը։

«SOS Սեւան» նախաձեռնության անդամներն, ի դեպ, հենց Ջավադյանին էին մեղադրում տարիների անգործության մեջ: Պատգամավորներն իրենց հերթին Սեւանի հարցերով հանձնաժողովի նախագահից անուններ էին պահանջում.

«Ես չեմ խախտի որեւէ մեկի անմեղության կանխավարկածը, բայց ես իրավունք ունեմ ունենալու ողջախոհ կասկածներ՝ տեսնելով Սեւանի այսօրվա վիճակը, որ այդ գումարներն ուղղակիորեն անխղճորեն փոշիացվել են»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը:

 «Ես խնդրում եմ կարճ ասեք՝ պետական  կառավարման համակարգում ով ինչ պետք է աներ, որ չի արել»,- նշում է Միքայել Մելքումյանը:

«Սեւանի ազգային պարկն անգործության էր մատնված: Եթե Սեւանի ազգային պարկը մեզ հետ համատեղ աշխատեր, մենք այդ 10 մաքրման կայանի փոխարեն ռեստորաններում տեղադրած կունենայինք 100 կայան»,- նշում է Յուրի Ջավադյանը:   Սեւանի հետ կապված նոր աղմկահարույց բացահայտում է խոստանում պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նոր տեղեկություններ է ստացել, որ պարբերաբար Գերմանիա գնացող ինքնաթիռով հարյուրավոր տոննայով խեցգետին է արտահանում կոնկրետ մեկ օլիգարխ, և դա վնասում է Սևանի էկոհամակարգը: Անհրաժեշտ ճշտումներն անելուց հետո պատգամավորը խոստացավ հրապարակել անուններ:   

Կարդացեք նաև

Back to top button