
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հուլիսի 8-ին հայոց
պատմություն և քիմիա առարկաներով ավարտվեց
միասնական քննությունների հիմնական փուլը: Գնահատման և թեստավորման կենտրոնի
տվյալների համաձայն՝ արտառոց դեպքեր
չեն գրանցվել: Ամենացածր գնահատականները եղել են հայոց լեզու և հայ գրականություն առարկաներից:
Դիմորդների 19,6 տոկոսը մայրենի քննությունից ստացել է անբավարար գնահատական: Սրան
հակառակ բարձր գնահատականներն արձանագրվել են օտար լեզուներից:
Այս տարի նախորդ տարիների նման միասնական քննություններն ընթացել են ընդունելության կարգի պահանջներին համապատասխան: Արտառոց դեպքեր չեն գրանցվել,
եթե հաշվի չառնենք դիմորդների կողմից հեռախոսների, ժամացույցների և ծածկագրերի օգտագործումը,
նշում է Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
Հիմնական փուլի ավարտից հետո հիմնականում բողոքել են քիմիայի, հայոց լեզվի եւ գրականության թեստերից, թե դրանցում եղել են շտեմարաններից դուրս հարցեր:
«ԳԹԿ-ի մասնագետներն առաջադրանք առ առաջադրանք մատնանշեցին շտեմարանի այն հատվածները, որտեղից կազմված էին թեստերը: Այս տարի պարզապես, անգիր անելու մեխանիզմը ինչ- որ տեղ ինչ- որ չափով դուրս մնաց: Փոխվեցին առաջադրանքների պատասխանների տեղերը, առաջադրանքը մնաց նույնը, սակայն պատասխանների տեղերը փոխվեցին»,- տեղեկացրեց ԳԹԿ փոխտնօրենը:
Կարո Նասիբյանը նաեւ սրանով է բացատրում, որ հայոց լեզու և հայ գրականություն առարկա հանձնողներից ամեն հինգերորդն անբավարար է ստացել։ Վերջին տարիներին դպրոցներում կրճատվել են հայոց լեզու առարկայի դասաժամերը: Եթե նախկինում, օրինակ, մեկ խոսքի մասն ուսումնասիրելու համար տրամադրվում էր 55 դասաժամ, ապա այսօր՝ ընդամենը 20 դասաժամ: Կան նաև թեմաներ, որ ուսուցիչը մեկ դասաժամում պետք է ավարտի: Կարո Նասիբյանն ակնկալում է կրթության ոլորտի պատասխանատուների ուշադրությունն այս հարցին:

«Դա վերաբերվում է և՛ դասաժամերին, և՛ դասագրքերին, և՛ չափորոշիչներին: Չի կարելի, որ երեխան 7 տարի խոսի հայերեն, դպրոցում 12 տարի գրի, կարդա, խոսի հայերեն, ու հետո ստուգենք և ասենք, թե դու անբավարար գիտելիք ունես հայերենից։ Սա աբսուրդ է: Սա լուրջ քննարկման նյութ է», -ասում է Կարո Նասիբյանը։
Վերջին տարիներին հայոց լեզու եւ գրականություն առարկաների դասաժամերի փոփոխություն չի եղել, «Ռադիոլուրին» փոխանցեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Մայրենի լեզվից անբավարար գնահատականները պաշտոնյան կապում է քննության անցկացման ձևի հետ:
«Եթե նախորդ տարիների հետ համեմատենք, երեխաները քննություն էին հանձնում իրենց դպրոցներում և այս տարի կենտրոնացված հանձնելու դեպքում հսկողությունն ավելի է մեծացել», -ասում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
Այս պահին նախարարությունը վերանայում է կրթական չափորոշիչներն ու բոլոր առարկաների ծրագրերը: Հաշվի են առնվելու նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից տրված արդյունքները:
Եթե մայրենի լեզվից գնահատականները ցածր են եղել, ապա դրան հակառակ բարձր գնահատականներ արձանագրվել են օտար լեզուներից: 19-20 միավորները դիմորդները հիմնականում ստացել են անգլերենից: Այս տարի պահանջված մասնագիտությունների ցանկում կատարվել են որոշակի փոփոխություններ: Նախկինում առաջին հորիզոնականը զբաղեցնում էին իրավագիտություն, տնտեսագիտություն ֆակուլտետները: Այս տարի պատկերն այլ է: Իրավագիտության ֆակուլտետը առաջին հորիզոնականում է, սակայն դրան հակառակ ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետն ու տնտեսագիտական համալսարանն իրենց տեղերը զիջում են Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանին:

«Տնտեսագիտություն մասնագիտության թափուր տեղեր կան և ՛ պետական, և՛ տնտեսագիտական համալսարաններում: Հիմնական պատճառը, ինձ թվում է նա է, որ պահպանվել էր երեք միասնական քննություն հանձնելու ավանդույթը»,-նշում է Կարո Նասիբյանը։:
Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրենը տեղեկացրեց նաև, որ վերջին տարիներին նվազում է հետաքրքրությունը Ֆիզիկա, քիմիա առարկաների նկատմամբ և այս առարկաներով քննություններով ֆակուլտետների պահանջարկը ևս քիչ է: Պատկերը նույնն է նաև այս տարի:
«Ֆիզիկա առարկայից կա մոտ 40 թափուր տեղ կա: Քիմիա առարկայից ևս կան թափուր տեղեր: Այն դիմորդները, որոնք դիմել են Բժշկական համալսարան և մրցույթից դուրս են մնացել, կլրացնեն քիմիական կամ կենսաբանական ֆակուլտետները կլրացնեն, կամ կլրացնեն ոչ պետական բուհերի համապատասխան մասնագիտությունները»,- հավելում է Նասիբյանը։:
Նախորդ տարիների հետ համեմատ այս տարի դիմորդների թիվն ավելի շատ է:




