
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ այսօր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող մի շարք կազմակերպությունների ղեկավարներ իրենց կարծիքն ու գնահատականն են հայտնել ընտրություններին մասնակցելու մատչելիության հետ կապված: «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը հայտնել է, որի իրենց դիտարկումներին համաձայն Երևան քաղաքում դեռևս նախագահական ընտրություններին լիովին մատչելի ընդամենը 31, իսկ որոշ չափով մատչելի`44 ընտրատեղամաս է եղել, ինչը շատ չնչին տոկոսն է կազմում առկա ընտրատեղամասերի: Դիմելով քաղաքապետարան կազմակերպությունը ներկայացրել է կոնկրետ առաջարկներ ընտրատեղամասերում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության հետ կապված և հույս է հայտնել առաջիկա ավագանու ընտրություններին տեսնել այդ փոփոխությունները:
Առջևում Երևանի ավագանու ընտրություններն են, սակայն մայրաքաղաքը շարունակում է որոշակիորեն անհասանելի մնալ Երևանում ապրող շուրջ 60 հազար հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար: Բացի այդ` ընտրություններին հավասարապես մասնակցելու իրավունք ունեն նաև այդ նույն հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց համար բազմաթիվ խնդիրներ են առաջանում հենց ընտրությունը կատարելիս: «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը ուսումնասիրություն անցկացնելով բոլոր ընտրատեղամասերում դեռևս նախագահական ընտրություններից առաջ և այդ ընթացքում` պարզել է, որ մայրաքաղաքում լիովին մատչելի ընդամենը 31 ընտրատեղամաս է եղել, ինչը Երևանում առկա ընտրատեղամասերի ընդամենը 6 տոկոսն է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը:
Արմեն Ալավերդյանն ասաց, որ ոչ մատչելի միջավայրն առկա է ոչ միայն ընտրատեղամասերում, այլև Երևանում` ընդհանրապես: Անհասանելի է թե’ շինությունների մուտքը և թե’ տրանսպորտը, ինչի մասին անընդհատ խոսվում է, բայց անիմաստ: Ինչևէ առջևում ավագանու ընտրությւոններն են, և «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանը կարևորում է ընտրություններին հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը ոչ միայն իբրև ընտրողի, այլև որպես ընտրվողի:
«Հարմոնիա» ՀԿ նախագահ Ալբերտ Աբգարյանը միաժամանակ աշխատելով նաև նախագահի աշխատակազմում երբևէ բաց չի թողել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բարձրաձայնելու առիթը և հավաստիացնում է, որ այդ խնդիրները ինչպես քաղաքապետի, այնպես էլ Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում են:
Ամբողջ խնդիրն այն է, որ այս բոլոր խնդիրների մասին խոսվում է միայն ընտրությունից ընտրություն: Սակայն ընտրություններից հետո երբեմնի հնչած հավաստի խոստումները հեշտությամբ մոռացվում են և դրանց մասին կրկին հիշում են արդեն հերթական ընտրույթւոններին ընդառաջ, նկատեց Արման Մուշեղյանը:




