ԿարևորՎերլուծական

Սառը ցնցուղ «վեթինգ»-ի պատրաստվող Հայաստանի համար

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»


Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանը անսպասելի արդյունք է ունեցել Հայաստանի համար: Արձանագրությունը, որն ընդունվել է հունիսի 21-22 տեղի ունեցած աշխատանքներից հետո4 կարեւոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի, «վեթինգ»-ի եւ դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը քաղաքական մի դաշտում ընկալվում է իբրեւ նախազգուշացում իշխանություններին, մյուս կողմից՝ իշխանությունները պնդում են, որ համագործակցում են հանձնաժողովի հետ եւ պատրաստ են ականջալուր լինել խորհուրդներին:

Արձանագրության բազմաթիվ կետերից մեկով Վենետիկի հանձնաժողովը կողմ չէ Հայաստանում համընդհանուր «վեթինգ»-ի: «Ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար»,- նկատի ունենալով միջազգային փորձը փաստաթղթում գրել են եվրոպացի մասնագետները։

Եվրոպայից ժամանած պատվիրակությունը եւ Հայաստանի իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների եւ գույքի հայտարարագրման համակարգին։

Եվրոպացի մասնագետների այսպիսի գնահատականներն արդյո՞ք նշանակում են, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են «վեթինգ»-ի գաղափարից: Նման տեղեկություններ ընդդիմադիր դաշտում աշխատող գործիչները չունեն: Առհասարակ Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը մեծ իրարանցում է առաջացրել նրանց շրջանում, մինչդեռ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի համար փաստաթղթում որեւէ անակնկալ չկա՝ փաստաթղթին իրենք ծանոթ էին շատ ավելի վաղուց եւ աշխատանքային պայմանավորվածություններ են ձեռք բերել եվրոպացի գործընկերների հետ:

« Եկել ենք այն եզրակացության, որ պետք է ունենալ «վեթինգ»-ի մասին առանձին օրենք, հետեւաբար նաեւ «վեթինգ» իրականացնող առանձին հանձնաժողով: Դա կկոչվի «վեթինգ», բարեվարքություն կամ բարեփոխում, մեզ համար կարեւոր չէ: Սա խնդրի ձեւական կողմն է, մեզ համար կարեւորը բովանդակությունն է՝ իրականացնել դատաիրավական բարեփոխում, ինչը հենց նույն Վենետիկի հանձնաժողովն արձանագրում է, որ ստացել են տեղեկությունները, որ Հայաստանում եղել է Սահմանադրության պահպանմամբ հեղափոխություն, բայց դատական իշխանությունում տեղի չեն ունեցել փոփոխություններ եւ հասարակության մոտ դատավորներն ընկալվում են նախկին իշխանության կոռումպացված համակարգի մասնիկներ եւ այստեղ կարծում են՝ կա դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտություն»:  

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այժմ արդարադատության նախարարության հետ համատեղ աշխատում են «Դատական օրենսգրքում» փոփոխությունների վրա՝ այս դեպքում արդեն դատավորների ոչ թե «վեթինգ»-ի, այլ բարեվարքության հիմքերը ստեղծելու համար: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իշխանություններին այս փուլում հորդորում է զգույշ լինել՝ Հայաստանի հեղինակությանը չվնասելու համար:

«Վենետիկի հանձնաժողովը խոսում է հենց տոտալ «վեթինգ»-ից հրաժարվելուց: Մնացած հարցերը կարծում եմ պետք է ուղղել կառավարությանը: Ինչ էլ լինի, մենք յուրաքանչյուր հարց պետք է դիտարկեն գործող Սահմանադրությանը համապատասխան եւ իրավունք չունենք գոնե մեկ անգամ թույլ տալ այնպիսի գործողություն, որը կարող է խախտել Սահմանադրությունը կամ օրենքը, որովհետեւ դա կարող է նաեւ դատական իշխանության դեպքում բացասական ազդեցություն ունենալ երկրի միջազգային վարկի վրա»:

Ստրասբուրգ կատարած վերջին այցելության ժամանակ՝ այնտեղ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ զրուցելուց հետո, Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կանխատեսում էր Վենետիկի հանձնաժողովի կտրուկ բովանդակությամբ հայտարարություն:

Միջազգային կառույցի հայտարարություններին կամ արձանագրություններին ենթարկվելը Հայաստանի համար պարտադրող ուժ չունի, բայց իբրեւ Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանը որոշակի պարտավորություններ ունի: Այստեղ է, որ տիկին Զոհրաբյանը նախընտրում է համեմատություններ անցկացնել նախկինների հետ:

« Այո, Հայաստանում տարիներ շարունակ դատական համակարգը եղել է իշխանության կրնկի տակ: Բայց, եթե Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի «կաբլուկ»-ի տակից հիմա դատական համակարգը պետք է անցնի Նիկոլ Փաշինյանի կրնկի տակ, ապա այս դեպքում կրնկի սեփականատիրոջ ինքնությունը բացարձակապես նշանակություն չունի: մենք պետք է ունենալ ազատ դատական համակարգ: Գործընթացները, որ պետք է արվեն դատական համակարգը առողջացնելու, պետք է արվեն բացառապես իրավական դաշտում: Այս պահին, ցավոք, այս խնդիրը դեռեւս շարունակում է մնալ քաղաքական դաշտում, ինչը շատ վատ է»,- ասում է Զոհրաբյանը:      

Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մեջ որոշակի հատված նվիրված է նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը։ Սրան ի պատասխան՝ «Իմ քայլ»-ից պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը պնդեց, որ խորհրդարանը դեռ որեւէ արձագանք չի տվել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարություններին:

Վենետիկի հանձնաժողովում, ի դեպ, ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը։ Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» եւ «աներկբա»։

Կարդացեք նաև

Back to top button