ԿարևորՀասարակություն

Եղեգիսում արջերի համար ճաշ են պատրաստում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Վայոց Ձորի Եղեգիս համայնքը շատ է տուժում գորշ արջերի հասցրած վնասից: Արջերը վնասում են ընտանի կենդանիներին, մեղվափեթակներն ու պտղատու այգիները: Գիշատիչի հասցրած վնասի փոխհատուցում չկա, բայց գազանին  չի կարելի սպանել, քանի որ տուգանքը գերազանցում է մի քանի միլիոնը դրամը: Արջերը գյուղ են մտնում կեր գտնելու նպատակով: 

Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բոլոր գյուղերում  արջի անունն անգամ  լսել չեն ուզում, քանի որ մեծ վնաս են պատճառում գյուղացիներին: Արջերն ամեն երեկո մտնում են գյուղ և սնունդ փնտրում: Գյուղացիները վշտացած, բայց նաև կատակում են՝ արջերն առանց գրանցման դարձել են իրենց համայնքի բնակիչները: Քարագլուխ գյուղի բնակիչ Դրաստամատ Միքայելյանը պատմում է, որ յուրաքանչյուր մշակովի  հողատարածքներում  մի քանի արջեր կան:

Գյուղի ճանապարհին արջերին կարելի է հանդիպել նաև ցերեկային ժամերին: Գազանին հանդիպելը  սովորական երևույթ է, ասում է Քարագլխի վարչական ղեկավար Մանվել Աբրահամյանն ու հավելում.

«Գյուղի ներքևում հուշարձան աղբյուր կա, ցերեկվա ժամը 11-ին արջը ասֆալտով գնում էր, մեքենայով մարդիկ սպասել են մինչև իջել է ձորը ու նոր գնացել են»,- պատմում է:

Տնամերձ այգիներում  պտղի հասունացմանը զուգահեռ  արջերի թիվն ավելանում է: Ասում են հիմա գալիս են թութ ու կեռաս ուտելու, չեն խնայում նաև մեղվափեթակները: Վարդահովիտ գյուղի բնակիչ Ղուկաս Խանոյանը պատմում է, որ անցած տարի  արջը հասել էր իր տան բակ և վնասել 2 մեղվափեթակ. ցույց է տալիս իր տան բակն ու պատմում.

«Երկու փեթակ այստեղ էի դրել, արջն եկավ, տղամարդու պես կրիշկան հանեց, ռամկան կերավ, շպրտեց ու գնաց»,- ասում է Ղուկաս Խանոյանը:

Արջի գործողություններին հետևել են տանից, վախեցել են դուրս գալ, գազանը կարող էր իրենց  վնասել: Գյուղացիները պատմում են,  որ դաշտում արջերն  անասուններին էլ են վնասում:

Արջերը պաշարում են գյուղերը հատկապես աշնանը, երբ այգիները լցվում են բերքով: Սնունդ հայթայթելու նպատակով գալիս են ու կոտրում բազմամյա պտղատու ծառերի ճյուղերը,  խաղողի վազերը:

Գյուղացիները նեղսրտում են, որ իրենց տարիների չարչարանքը արջը րոպեների ընթացքում ոչնչացնում է, և իրենք վնասի փոխհատուցում չեն ստանում, միաժամանակ հակադարձում են, եթե իրենք արջին վնասեն, ապա միլիոնի հասնող տուգանք պետք են վճարեն, այն դեպքում, երբ իրենց հասցված վնասը միլիոնից պակաս չի գնահատվում: Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանն ասում է, որ հարցը բազմիցս բարձրացրել է, որպեսզի արջի հասցրած  վնասի դիմաց գյուղացիներին փոխհատուցեն՝ այն դիտարկելով բնության աղետ:

«Ընդհանուր առմամբ արջի պատճառած վնասն այսօր բավականին մեծ է: Մենք անընդհատ էդ խնդիրը բարձրաձայնում ենք մեր վերադասին, որպեսզի կառավարությունը էնպիսի մի ծրագիր իրականացնի, կամ էնպիսի մի որոշում կայացնի, որպեսզի բնության կողմից պատճառված էս աղետներին վնասի հատուցում լինի»:

Հարցերն անպատասխան են մնացել, և օրենդրորեն կարգավորված չէ այդ խնդիրը: Լավագույն դեպքում տուժած գյուղացիներին չնչին չափով՝ 20 հազ դրամի սահմաններում օգնություն է տրամադրել  Եղեգիսի  համայնքապետարանը:

Գորշ արջը բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում հաշվառված է խոցելի տեսակ և  գրանցված է ՀՀ կարմիր գրքում, որի որսն արգելված է: Շրջակա միջավայրի նախարարության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սևակ Բալոյանը նշեց, որ հանրապետության պահպանվող տարածքներում արջերի թիվն ավելացել է:

Վարչական և քրեական օրնսգրքերով ամրագրված է տարբեր հանգամանքներում արջերին սպանելու պատժամիջոցները՝ 1 միլիոնից մինչև 5 միլիոն դրամ:

Գիշատիչների պահպանությունն ու բազմացումը օրենսդրորեն կարգավորված է, իսկ գիշատիչների կողմից մարդկանց հասցրած վնասը՝ ոչ: Եղեգիս համայնքի տարեց բնակիչներն ասում են, որ խորհրդային տարիներին արջերը գյուղին մոտ չեն եկել, շատ հազվադեպ են տեսել, իսկ հիմա գրոհում են բնակավայրերի վրա:

Խորհրդային տարիներին գիշատիչներն ապրել են իրենց բնական միջավայրում: Անտառները հատվեցին և արջերը սնունդ գտնելու համար մտնում են գյուղեր: Արջերի ուշադրությունը շեղելու նպատակով Թառաթումբ գյուղի ծայրամասում ապրող բնակիչը գտել է ելքը՝ ամեն օր կերակրում է արջի ընտանիքին:

«Լավ այգի ունի, ամեն իրիկուն մի մեծ կաստրուլկայով ճաշ ա եփում՝ կարտոշկա, կոմբիկեր լցնում, դնում ծառի տակ: Արջը քոթոթներով իրիկունը ժամը 9-10 կողմերը գալիս ուտում ու գնում է: Սա անում է, որ արջը ծառերին ձեռք չտա մինչև բերքը հավաքի»:

Վայոց Ձորի համայնքերի բնակիչները աշնանը հատկապես երեկոյան տանից դուրս չեն գալիս, ցանկացած պահի գյուղում կարող են հանդիպել արջերին:

Կարդացեք նաև

Back to top button