ԿարևորՀասարակություն

Մարզպետը լողաց Սևանա լճում. լիճն անվտանգ է

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր վաղ առավոտից մի քանի անգամ փակվեց ու բացվեց Սևան-Երևան ավտոմայրուղին: Պատճառը, ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, առողջապահության նախարարի հորդորն էր՝ չլողալ Սևանում, քանի որ վտանգավոր է:

Նախարարի այս հայտարարությունը զայրացրել էր տնտեսվարողներին: «Ռադիոլուրի» հետ զրույցում անհատ ձեռներեց Տիգրան Սահակյանը նշեց, որ  այս խուճապային տրամադրությունն ազդել է զբոսշրջիկների հոսքի վրա: Չի հերքում, որ Սևանում կան խնդիրներ, բայց և նշում է, որ առաջին տարին չէ, որ Սևանը ծաղկում է: Տնտեսվարողները կարծում են որ այս ամենը ուղղորդված է:

Մեկ ժամ շարունակ փակելուց հետո  տնտեսվարողները շարժվեցին Սևանի քաղաքապետարան՝ հանդիպելու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ:

Հանդիպումից հետո տնտեսվարողները նշեցին, որ շատ հարցեր անպատասխան են մնացել ու այս անգամ էլ փակեցին Սևան- Գագարին ճանապարհահատվածը: Նրանք նշում են՝ եթե Սեւանի ջուրը վտանգավոր է, ապա ինչու լճի ձուկը օգտագործելը վտանգավոր չէ։ Տնտեսվարողներից մեկն էլ նկատում է՝ վարչապետը ընտանիքի հետ պարբերաբար այցելում է Սեւան, սա էլ է ապացույց, որ լիճը վտանգավոր չէ։

Մինչեւ տնտեսվարողները բողոքում էին՝ Գեղարքունիքի մարզպետն ու Սեւանի քաղաքապետը շտապեցին Գագարին։ Այստեղ եկավ նաև ԱԺ պատգամավոր  Սասուն Միքայելյանը:

Պատկան մարմինների հորդորից հետո ակցիայի մասնակիցները բացեցին ճանապարհը, իսկ կրքերը հանդարտեցնելու համար Սևանի քաղաքապետը, Գեղարքունիքի մարզպետն ու «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը տնտեսվարողների հետ միասին  մեկնեցին հանրային լողափ՝ միասին  լողալու  ու  վստահեցնելու, որ Սևանում լողալը վտանգավոր չէ:

Այսօրվա բողոքի ակցիան այսպես ավարտվեց։ Իսկ տնտեսվարողները նշեցին, որ եթե  մինչեւ չորեքշաբթի Առողջապահության նախարարությունը նախկին հորդորը չեղարկող նոր հայտարարություն չհրապարակի՝ կրկին կփակեն ճանապարհը:

Սևանի լողափերի տնտեսվարողները Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ու Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ Սևանի լողափում են:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սարգիս Մուրադյանը, Սևանի լողափերի տնտեսվարողները և «Սևան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը լողում են Սևանում, որպեսզի ցույց տան, որ դա անվտանգ է:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սևանում լողալը վտանգավոր չէ:

Մարզպետը հրաժարվեց լճից ջուր խմել՝ ասելով, որ այն նախատեսված է լողալու համար:

Նրա խոսքերով՝  2011-2012 թ-ից սկսած Սևանա լճի մակարդակը չի բարձրացել, և այդ ամենը հանգեցրել է այս վիճակին:

Կարդացեք նաև

Back to top button