
Հուլիսի 8-ից՝ Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթեր իրականացնելու արգելքից հետո, ՀՀ-ում գործող ավիաընկերությունները շատացրել են չվերթերը, նոր ուղղություններ են բացվել՝ այսօր տեղեկացրել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
«Այս որոշումից հետո մենք բոլոր ավիաընկերություններին հրավիրեցինք մեզ մոտ, որ համոզենք, որ Հայաստանն օգտագործեն որպես տարանցիկ չվերթերի տարածք: Դա մեր գործառույթը չէր, բայց մենք դրանով զբաղվում ենք: Մենք ամեն ինչ արեցինք, որ խոչընդոտներ չստեղծենք, որ հուլիսի 8-ից չվերթերը կարողանային իրականացնել Հայաստանից»,- ասել է նա:
Տաթևիկ Ռևազյանը նշել է նաև, որ կարևոր գործեր կան անելու նոր ավիաուղիներ բերելու մասով, շեշտել՝ ամեն ինչ արել է, որ չկասկածեն՝ Հայաստանը մեծ հնարավորություններ ունի, ու դա կոնկրետ արդյունքներ է բերել:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահը, չակերտները շատ չբացելով, ասել է, որ ներդրողների հետ բանակցությունների մեջ է Հայաստանում գործարան բացելու ուղղությամբ՝ օդանավի մասեր արտադրելու եւ վերանորոգելու համար:




