ԿարևորՀասարակություն

Օտարերկրացիներին կանչում են հայկական լեռները

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Հայաստանը բարձունքներ գրավել սիրող զբոսաշրջիկների համար իրական դրախտ է: Հայկական լանդշաֆտը փոփոխվում է ամեն սարի, լեռան հետ, ու էլ ավելի գրավիչ դարձնում մեր երկիրը օտարերկրացիների համար: Լեռնային տուրիզմը կարող է դառնալ մեր երկրի այցեքարտերից  մեկն ու աշխարհի քարտեզի վրա ամրագրել Հայաստանը որպես աշխարհի ամենագեղեցիկ լեռները տեսնելու հասցե:

Շիրակի ու Լոռու մարզերի սահմանագծին Խենթասարն է՝ իր անվան նման գիժ ու փոփոխական: Առաջին անգամ հայ լեռնագնացներին չի ընդունել, երկրորդ փորձի ժամանակ՝ այնքան էլ հյուրընկալ չի եղել: Բայց լեռնագնաց Արտյոմ Մարտիրոսյանի համար Խենթասարը լավ դաս էր:

Բնավորություն ունեցող լեռներ Հայաստանում շատ կան։ Ավելի ճիշտ՝ դրանք բոլորն էլ իրենց բնավորությունն ունեն, ու հենց այդ պատճառով են գրավում զբոսաշրջիկներին:

Մինչև 3000 հազար մետր բարձրության լեռները՝ ոչ շատ ցածր, ոչ էլ շատ բարձր, իդեալական են լեռնային տուրիզմը նախընտրողների համար: Այսպիսի նկարագիր է լեռնագնաց Տատյանա Ռոստոմյանը տալիս հայկական լեռներին: Տարիներ դեպի հայկական բարձունքներ է ուղեկցում օտարերկրյա զբոսաշրջիկներին:

Ծով ու օվկիանոս չունենք, բայց լեռների երկիր ենք, աշխարհի 7 մլդ բնակչության ճաշակն էլ նույն չէ: Շատերը սիրահարված են բարձունքներին ու ջրի ալիքներ չեն սիրում: Հայաստանի գլխավոր զբոսաշրջային կառույցում սրա մասին գիտեն՝ ասում են զրուցակիցներս ու վստահեցնում, որ այս ուղղությամբ աշխատանք տարվում է, հարցը՝ խոշորացույցի տակ է:

Ամենատարբեր բնավորություն ունեցող լեռները Հայաստանում սպասում են իրենց ամենախենթ հյուրերին, անգամ եթե առաջին անգամ Խենթասարի պես անհյուրընկալ լինեն:

Դա լավ նշան է՝ երկրորդ անգամ դեպի Հայաստան ճամփա բռնելու համար:

Կարդացեք նաև

Back to top button