
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում իր անդրանիկ Սբ. Պատարագն է մատուցել թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Հավարտ Սբ. Պատարագի Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի պետ տեր Նաթան արքեպիսկոպոսը Պատարագիչ Հայր Սուրբին ներկայացրել է թբիլիսահայ հավատացյալներին որպես թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ:

Վերջինս պատարագից հետո պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցերին, հավատացրել է, որ վիրահայության աղորթքներով պիտի թեմի հոգևոր կյանքն առաջնորդի Աստծո լույսի ճանապարհով՝ առաջ տանելով ստեղծված բազմաթիվ նյութական և հոգևոր արժեքները՝ դրանով շենացնելով հայ եկեղեցին, Հայաստանն ու Վրաստանը և երկու եղբայրական ազգերը։
Ուղիղի 20 տարի առաջ Թբիլիսիի սուրբ Գևորգ եկեղեցուց սկսվեց Տեր Կիրակոս Դավթյանի առաջին քայլերը հոգևոր կյանքում: Այսօր նա վերադառնում է ծննդավայր Թբիլիսի, սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի՝ որպես Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ, ու առաջնորդական առաջին պատարագն է մատուցում․ «Լինելով այս քաղաքից, այս եկեղեցվո ծառայող, այս ժողովրդի ու հող ու ջրի զավակ, վստահ եմ, որ կարողանալու ենք միասին առաջ տանել Վիրահայոց կյանքը»։
Վիրահայոց թեմում առաջնորդական առաջին պատարագին հուզմունքը չի թաքցնում տեղապահի մայրը՝ Սիլվա Կալոյանը։ Թբիլիսիի հայկական դպրոցի ուսուցչուհին երեխաներին քաղաքի ծայրամասից է հայկական դպրոց հասցրել, նրանց նաև աստծաշնչյան մտքեր փոխանցել․ «Ուղիղ 20 տարի առաջ ես իսկապես ձեռքից բռնած եմ որդուս բերել եկեղեցի, համոզել եմ։ Աստվածաշնչյան առաջին խոսքերը ես եմ կարդացել նրա համար, ավարտական դասարանի աշակերտ էր, լավ էր սովորում․․․»։

Զրուցակիցս ասում է՝ հպարտ է, որ որդին իր նախանշած ճանապարհով գնաց, բայց երբևէ չէր պատկերացրել, որ վերադառնալու է Թբիլիսի՝ որպես թեմի առաջնորդ։ Ասում է մտերիմները լսելով, ամեն օր զանգահարում են, հետաքրքրվում ու զարմանում՝ «փաստորեն սրբազանը հայրական տանն է ապրում»։
«Ինձ հարցնում են, պատասխանում եմ, որ սրբազանը մեր նման սովորական մարդ է։ Ես ուրախ եմ, որ որդիս տանն է, ես կարողանում եմ պատրաստել նրա սիրած ուտելիքները»։
Վիրահայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ հիշելով Սուրբ Գևորգում իր դպրության տարիները, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց, որ կրկնակի ուրախ է, որ ծառայության է մի երկրում, որտեղ ծնվել է, որի պետական լեզվին տիրապետում է, որտեղից և որոշում էր կայացրել նվիրվել հոգևոր կյանքին։ Տարբեր երկրներում ծառայության ընթացքում մշտապես Վրաստանի հետ կապը պահելով, նա շեշտում է․ «Հայ-վրացական հարաբերություններն այսօր կուռ են և համահունչ են ընթանում։ Այսօր մեր խնդիրն է այստեղ պահել ու ավելի զարգացնել այն ամենը, ինչ ունենք, այն քարը որը դրվել է, դրա վրա դնել հաջորդը՝ ամրացնելով պատերը, որի վրա դրվում է մեր եկեղեցին ամբողջացնող մեծագույն ու հզոր գմբեթը»։

Թեմում առկա խնդիրների մասին։ Վրաց պատրիարքարանը 7 եկեղեցիներ համարում է վիճելի, հայկական կողմը նշում է, որ վիճելի եկեղեցիներ չունի․ «Ես լավատես եմ, որ այդ խնդիրները կարող ենք լուծել», -ասում է տեղապահը։
Առաջիկա օրերին թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահը կհանդիպի համայն վրաց կաթողիկոս պատրիարքին, իշխանության ներկայացուցիչներին, այնուհետև կծրագրի այցեր հայաբնակ շրջաններ։




